Կառավարության որոշմամբ 2022-ի հոկտեմբերից Հայաստանում կներդրվի եւ կգործարկվի խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման եւ հաշվառման համակարգ։ Այն ուղղված է կենդանիների գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության, դրանց նկատմամբ իրականացվող անասնահամաճարակային պարտադիր միջոցառումների վերաբերյալ հետագծելիության, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը։
Գործընթացն իրականացվում է էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի օժանդակությամբ եւ մարզպետարանների աջակցությամբ։
Հուլիսի 28-ին կենդանիների պարտադիր համարակալման եւ հաշվառման պետական ծրագիրը քննարկվել է Լոռու մարզում։ Համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկման հանդիպումն անցկացվել է Լոռու մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» կազմակերպության տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Հովհաննես Բատիկյանը, խոշորացված համայնքների ղեկավարներ, բնակավայրերի վարչական ներկայացուցիչներ, ֆերմերներ եւ անասնաբույժներ։
Բանախոսներն այս ծրագրի ներդրումը կարեւոր քայլ են համարել գյուղատնտեսության զարգացման համար։ Մասնավորապես այն նպաստելու է անասնապահության եւ անասնաբուժության զարգացմանը, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանն ու ֆերմերների եկամուտների աճին։
Մասնագետները պատասխանել են նաեւ ներկաների հարցերին, լսել գործընթացի իրականացման վերաբերյալ նրանց մտահոգությունները, որոնցից մեկն էլ ֆերմերների՝ անասնագլխաքանակը թաքցնելու փորձն է։
Հաջորդ ամիս խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման եւ հաշվառման համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ կանցկացվեն Սյունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։