Վրաստանի Բաթում քաղաքում կայացած Golden Fleece պարի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնում Հայաստանը ներկայացնող Գյումրու «Գոհարներ» պարային խումբը վերադարձել է ամենաբարձր հարգի մեդալով։
Շուրջ 200 մասնակիցների մեջ «Գոհարները» «Ժողովրդական պարեր» անվանակարգում «Մուշ» ազգային պարի բեմադրությամբ գրավել է միջազգային ժյուրիի համակրանքը։ Ժյուրիի 10 անդամներն էլ միաձայն քվեարկել են հօգուտ հայկական ազգային պարի։
10 տարեկան խումբը մարզային եւ հանրապետական մրցահարթակներում հինգ տասնյակից ավելի մեդալներ ու դիպլոմներ է նվաճել։ «Սա միջազգային առաջին մեծ բեմելն էր, որը նույնպես պատվով հաղթահարեցինք»,- ասում է Հայաստանի պարարվեստի միության անդամ, «Գոհարներ» պարային խմբի գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Աննա Պարունակյանը։
Ճանապարհածախսի գումարի չբավականացնելու պատճառով մեծ խմբից ընդամենը վեց հոգով են մեկնել Վրաստան։ Աննան ասում է՝ կարող էին ավելի լավ ներկայանալ, բայց միջոցների եւ սրտացավ մարդկանց պակաս կա, փոխարենը քննադատողներն են շատ։
«Որ օտար երկրում Հայաստանի դրոշի տակ ազգային արվեստ ես ներկայացնում, հաճելի է։ Բայց արվեստագետն ավելի ոգեւորված ու պարտավորված կստեղծագործի, երբ յուրաքանչյուրն իր տեղում գործի»։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։