Երեւանում մեկնարկել է «Էրեբունի հնավայրի պահպանման, արժեւորման, զբոսաշրջության խթանման ու տուրիստական ծառայությունների ընդլայնման» ծրագիրը։
Ֆրանսիացի եւ հայ մասնագետները նպատակ ունեն հասկանալու ուրարտական ճարտարապետության կարեւոր բաղադրիչներից մեկի՝ աղյուսաշինության գաղտնիքները։ Նուբարաշենի եւ Էրեբունի հնավայրին կից կավի հանքերից վերցնելով հումքը՝ աղյուսների պատրաստման փորձեր են անում, ջանում հասկանալ, թե որ հանքանյութն է առավել արդյունավետ հումք աղյուսների պատրաստման համար։ Նմուշներ են պատրաստում, ուսումնասիրում, թե որ մեթոդով է ավելի ճկուն եւ դիմացկուն աղյուս ստացվում, փորձում են վերականգնել ուրարտական բարձր որակի հում աղյուսների պատրաստման տեխնոլոգիան։ Կարծում են, որ եթե ուրարտացիներին դա 2800 տարի առաջ հաջողվել է, ուրեմն իրենք էլ կհաջողեն։
Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի համագործակցության շրջանակում։ Գլխավոր նպատակն է հանրահռչակել եւ պահպանել Երեւանի հազարամյակների պատմությունը վկայող հնավայրերը:
Գրենոբլի հողի ճարտարապետության կենտրոնի գիտաշխատող Դավիդ Գանդղոնը նշել է, թե փորձում են հասկանալ ինչպես ստանալ որակյալ շինանյութ, ապահովել դրա երկարակեցությունը, վերագտնել դարերի գաղտնիքները։ Գիտաշխատողն ընդգծել է, թե վերարտադրելով հինը՝ նաեւ հոգ կտանեն, որ արդյունքը եւ որակը դիմակայեն ներկա կլիմայական մարտահրավերներին որպես ժամանակակից կառուցապատման պարտադիր պայման։
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը Էրեբունի, Կարմիր բլուր եւ Շենգավիթ հնավայրերի համար չափազանց կարեւորում է այս աշխատանքները, քանի որ աղյուսե պատերի պահպանության խնդիր կա։ Դրանք կլիմայի փոփոխության, անձրեւի, ձյան, ինչպես նաեւ մարդածին գործոնների հետեւանքով կարող են վտանգվել։
Էրեբունի ամրոցի տարածքում կվերականգնվի նաեւ աղյուսաշեն մեծ պատի մի հատված։ «Տպավորիչ կլինի այցելությունների համար, եւ հուշարձանի կարեւոր հատվածը կփրկվի։ Ուրարտուի ժառանգորդը ոչ միայն դրա հետ կապ ունեցողն է, այլեւ դրան տեր կանգնողը։ Եթե հաջողենք, ե՛ւ գաղափարական, ե՛ւ քաղաքական առումով շահեկան դիրքեր կունենանք»,- շեշտել է Միքայել Բադալյանը։
Ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրությունը հնարավորություն կտա վերականգնողական աշխատանքներ կատարելու նաեւ Կարմիր բլուրում եւ Շենգավիթում:
Քաղաքային իշխանության բնորոշմամբ՝ ծրագիրը երեւանյան հնավայրերի վերականգնման գործընթացի վկան է։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։