Ութսունիննամյա Հասմիկ տատը սիրում է նստել պատշգամբում ու նայել փարթամ, կանաչած այգուն, որտեղ ամեն տեսակի միրգ աճում է: Հիշում է՝ երբ նոր էր հարս եկել, ոչինչ չկար, հետո տուն-տեղ են դրել, երեխաներ ունեցել: Գյուղում ջուր էլ չի եղել, կիլոմետրերով քայլել են, սարից ջուր բերել, որ «երեխա լողացնեն, անասունն ու բախչան ջրեն»:
Վայոց ձորի Սալլի գյուղում մինչեւ Արցախյան շարժումը եւ առաջին պատերազմը հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի են ապրել, նույն կենցաղով ու հոգսերով: Հասմիկ տատն ադրբեջանցի հարեւանների հետ սիրով է ապրել, բայց ասում է՝ հայ հարսների նման շնորհքով չէին, «անել-դնել» հայերն են սովորեցրել: «Լավ հարեւաններ էին, բայց ձեռքներից բան չէր գալիս: Գործ անել չգիտեին, ճաշ էլ չէին եփում, հաց չէին թխում: Թոնիր դրեցինք իրենց համար, թխել սովորեցրինք»:
Երբ ադբեջանցիները հեռացել են, մի քանի տարի Հասմիկ տատի ընկերուհին՝ Գյուլուստանը, նախկին հարեւանուհուն նվերներ է ուղարկել, շփվել են, հետո կապը կտրվել է: Հիմա Հասմիկ տատը հայերի եւ ադրբեջանցիների բարեկամությունը չի պատկերացնում, ժամանակները փոխվել են. «Թող կորչեն, մեր հայերին կոտորեցին: Բայց որ էն ժամանակ պատերազմ էր սկսվել, մեր տներում իրենց պահում էինք, որ չվախենան»,- ասում է Հասմիկ տատը:
Տարիներն արագ են անցել, բայց փոքրիկ գյուղի խնդիրները դանդաղ են լուծվում: Հիմա ջրի համար սար բարձրանալու կարիք չկա, տներ հասնում է, բայց ոչ միշտ ու ոչ բոլորի: Ոռոգման ջրի խնդիրն է առավել սուր: Հեկտարներով ցանքատարածություններ անջրդի լինելու պատճառով անմշակ են մնում:
Բնակավայրի վարչական ղեկավար Մարտին Սարգսյանը այգիների «ջրի հերթի» ցուցակն է ցույց տալիս: Իրենց կարեւոր ձեռքբերումն է. ամեն ժամով ու րոպեով հաշվարկել են, ջրի հերթը բաժանել այնպես, որ բնակիչներից ոչ ոք չնեղանա:
Գյուղացիներով ամեն տարի հավաքվում են, բահերը վերցնում ու գնում մաքրելու ինքնահոս ջրի 12 կիլոմետրանոց ճամփան: Մինչեւ ծառերին հասնելը ջրի 30 տոկոսը գոլորշիանում է:
Ջուրը հասցնելուց հետո գյուղացիների խնդիրները չեն ավարտվում: Հետո էլ պետք է դժվարությամբ աճեցրած բերքը վաճառել, թե գնորդ լինի: Բեռնատարներով գալիս, գյուղից տանում են միրգը: Երբեմն էլ գնի հարցում լեզու չեն գտնում, դատարկ գնում են, գյուղացին էլ դատարկաձեռն է մնում:
Ավտոմեքենա ունեցողները Մարտունու շուկա են գնում, մյուսները՝ օղի թորում կամ չիր սարքում՝ փորձելով սպառել, մինչեւ հաջորդ բերքահավաք:
Գյուղի 9-ամյա դպրոցում մոտ 25 աշակերտ է սովորում: Դպրոցի շուրջ 25 տարվա տնօրեն Մհեր Հովակիմյանն ասում է՝ երեխաները դեռահասության տարիքից սկսում են կարեւորել կրթությունը, լավ սովորել, որ կարողանան գյուղից գնալ:
Սալլիում աշխատատեղ չկա, մնան, ինչո՞վ զբաղվեն: Միակ գործատուները դպրոցն ու գյուղապետարանն են, որ ընդամենը մի քանի հաստիք կարող են առաջարկել:
Բարձրագույն կրթություն ստացողներից քչերն են հետ գնում Սալլի: Դպրոցի տնօրենի դուստրը՝ Սիլվա Հովակիմյանը, քչերից է, որ մասնագիտություն ձեռք բերելուց հետո վերադարձել է գյուղ ու դպրոցում «Մաթեմատիկա» է դասավանդում: Երիտասարդ ուսուցչուհին հավատում է՝ կարող են գյուղը ոտքի կանգնեցնել. թեեւ հնարավորությունները քիչ են, բայց աշակերտներիի ձգտումներն ու հավատը մեծ են:
Գյուղում նախակրթարան, մանկապարտեզ չկա, երեխաներից մի քանիսին հարեւան Քարագլխի մանկապարտեզ են տանում: Իններորդ դասարանն ավարտելուց հետո էլ Սալլիի աշակերտների համար դպրոցի ճամփան ամառ-ձմեռ երկար ու դժվար է լինում. կա՛մ հարեւան գյուղի դպրոցն են հաճախում, կա՛մ Եղեգնաձորի: Պետությունը ճանապարհածախսը փոխհատուցում է, ամեն օրվա համար՝ մի քանի հարյուր դրամ:
Մինչեւ վերջերս ծնողները վարորդ են վարձել, որ գյուղի աշակերտներին տեղափոխի, բայց հետո դա արգելվել է: Հիմա ամեն աշակերտ ու ծնող իրենց գլխի ճարը պիտի տեսնեն: Այս որոշումից դժգոհ են, ասում են՝ հաշվի չեն առել, որ գյուղում երթուղային չկա, ամեն մեկն էլ ավտոմեքենա չունի: Բացի այդ՝ գյուղի գործերը շատ են, ամեն առավոտ հնարավոր չէ դպրոց տանել, հետո գնալ, բերել:
Գյուղապետարանի փոքրիկ շենքում նաեւ գրադարանն է: Գրքերին տեղ չի եղել, սենյակի մի անկյունում են դասավորել: Ընթերցող չկա, երբեմն գրքասեր պապիկներն են գալիս, մի գիրք վերցնում, թերթում: Գյուղն ու գրադարանն իրարից շատ չեն տարբերվում. երկուսն էլ մոռացվել են, ու թե գրքերը երբեմն թերթվում են, Սալլին «թերթող» չկա:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: