2018 թվականին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերին լրագրող Մելեյն Լոեմբեն Կոնգոյից եկել է Հայաստան եւ որոշել այլեւս չվերադառալ իր հայրենիք։ Նա դիմել է Հայաստանի միգրացիոն ծառայություն, ապաստան հայցել, որոշ ժամանակ անց ստացել է փախստականի կարգավիճակ։
«Կոնգոյից եկա Հայաստան, սիրահարվեցի այս երկրին ու մնացի այստեղ։ Ես լրագրող եմ, իսկ Աֆրիկայում լրագրողի համար մասնագիտական գործունեություն իրականացնելն ամենեւին հեշտ չէ։ Այնտեղ կառավարությունը չի աջակցում լրագրողներին եւ չի սիրում նրանց: Մեր կառավարությունը թելադրող է, իսկ այդպիսի պայմաններում լրագրողը չի կարող աշխատել։ Բազմիցս ճնշումների եմ ենթարկվել իմ հայրենիքում։ Իսկ երբ եկա Հայաստան, հասկացա, որ այստեղ կարող եմ ապրել եւ ազատ ստեղծագործել։ Կոնգոյում սոցիալական խնդիրները եւս շատ են։ Իմ երկիրը շատ հարուստ է, բայց այնտեղ շատ աղքատներ կան․ պարադոքս է, բայց այդպես է»,- ասում է Մելեյնը։
Իր մասնագիտական գործունեության ընթացքում Մելեյնը Կոնգոյում ապրելու տարիներին խոսել է խնդիրների մասին եւ այդ պատճառով բռնությունների ենթարկվել. «Կոնգոյում խնդիրներ բարձրացնող լրագրողին կարող են ծեծի ենթարկել։ Հիմա ես մի երկրում եմ, որտեղ չկա նման խնդիր»։
Նա դժվարությամբ է հայերեն խոսում, երբեմն որոշ բառեր եւ արտահայտություններ չի հասկանում, բայց ջանում է լեզուն սովորել։ Ասում է՝ հայկական եւ աֆրիկյան մշակույթների միջեւ կարելի է ընդհանրություններ գտնել, գուցե նաեւ դա է պատճառը, որ կարողացել է հարմարվել Հայաստանում։ Մելեյնն ասում է՝ Հայաստանն անվտանգ է, կարելի է այստեղ գիշերով ու ցերեկով զբոսնել, ստեղծագործել ու չերկյուղել, որ կարող ես բռնաճշումների ենթարկվել։
«Մոտ երեք ամիս առաջ Կոնգոյից Հայաստան է եկել նաեւ կինս՝ Լարիսան։ Ապրում ենք միգրացիոն ծառայության ինտեգրացիոն տանը։ Կինս չի աշխատում, ես կայուն աշխատանք չունեմ, բայց երբեմն մասնավոր պատվերներ եմ ստանում։ Տեսանյութեր եմ նկարահանում, մոնտաժում, մշակում։ Հայաստանի մասին եւս տեսանյութեր եմ պատրաստել։ Այս երկրում հիանալի տեսարժան վայրեր կան»,- ասում է Մելեյնը։
Նա նշում է՝ Հայաստանում էլ բազմաթիվ խնդիրներ կան, բայց այստեղ կա մի բան, որը հիանալի է․ Մելեյնն իրեն թռչնի պես ազատ է զգում եւ առանց լարվելու ստեղծագործում է։
«Այժմ ՀՀ ժամանակավոր կացության փաստաթուղթ ունեմ, սակայն իմ երկրի քաղաքացիությունից չեմ հրաժարվել։ Ես իմ հայրենիքը սիրում եմ, բայց այնտեղ կառավարությունը ճնշում է լրագրողներին։ Այնտեղ ստեղծագործական ազատություն չունեմ։ Այժմ Հայաստանում ջանում եմ ինչ-որ բանի հասնել, աշխատել, արարել։ Հայաստանը գեղեցիկ երկիր է, եւ այն զարգանալու կարիք ունի։ Բոլորս միասին կարող ենք գործել ի նպաստ Հայաստանի, ես եւս ուզում եմ եւ ջանում եմ իմ ներդրումն ունենալ։ Ես այստեղ ապաստան եմ հայցել եւ փախստականի կարգավիճակ ստացել։ Ինձ Հայաստանում ջերմորեն են ընդունել մարդիկ, ես էլ ուզում եմ իմ բաժին ներդրումն ունենալ այս երկրի զարգացման գործում։ Հայաստանի մասին ճանաչողական տեսանյութեր ունեմ, նոր աշխատանքներ եմ պատրաստում»,- ասում է Մելեյնը։
Ըստ ՄԱԿ-ի 2021-ի տարեկան զեկույցի՝ աշխարհում յուրաքանչյուր 78 անձից մեկը տեղահանված է։ Մինչեւ 2022 թվականի մայիսն աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ հարկադիր տեղահանման է ենթարկվել հետապնդման, հակամարտությունների, բռնության, մարդու իրավունքների խախտումների կամ հանրային կարգը լրջորեն խաթարող դեպքերի պատճառով։
Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ Հայաստանը տարեկան մոտավորապես 250 ապաստանի հայց է ստանում։ Ապաստան ստանալու դիմումը միգրացիոն ծառայությունում հաշվառելուց հետո օտարերկրյա քաղաքացուն 15 օրվա ընթացքում հրավիրում են հարցազրույցի, որպեսզի պարզվի, թե նա ինչու է լքել իր երկիրը։ Հարցազրույցի անցկացման օրվա եւ ժամի մասին քաղաքացուն նախապես տեղեկացնում են: Եթե ապաստան հայցողն անհարգելի պատճառով չի ներկայանում հարցազրույցի, ապա Միգրացիոն ծառայությունը դիմումի քննարկումը դադարեցնում է։
«Ապաստան ստանալու դիմումը քննարկվում է այն ներկայացնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Որոշ դեպքերում միգրացիոն ծառայության որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել եւս 3 ամիս: Դիմումի քննարկումից հետո միգրացիոն ծառայությունն ընդունում է որոշում տվյալ անձին Հայաստանում փախստական ճանաչելու եւ ապաստան տրամադրելու կամ ապաստանի դիմումը մերժելու մասին»,- նշում է Նելլի Դավթյանը։
Միգրացիոն ծառայությունը որոշումը կայացնում է՝ հիմնվելով ապաստան հայցողի անհատական գործում եղած եւ հարցազրույցի ժամանակ նրա տրամադրած տվյալների, նրա ծագման երկրի մասին առկա տեղեկությունների հիման վրա։
Եթե միգրացիոն ծառայության որոշումը դրական է լինում, ապա անձին տրամադրվում է փախստականի կարգավիճակ։ Նոր ճանաչված փախստականը կարող է դիմել միգրացիոն ծառայության ինտեգրման հարցերի բաժին՝ պետական ծրագրերում ինտեգրվելու համար։ Իսկ եթե միգրացիոն ծառայությունը հայցը մերժում է, անձը ծանուցվում է, եւ այդ պահից նա համարվում է Հայաստանում անօրինական միգրանտ։ 60 օրվա ընթացքում մերժման որոշումը չբողոքարկելու պարագայում անձը պարտավոր է լքել երկիրը։
2022-ի առաջին եռամսյակում ապաստան է հայցել 138 անձ. մեծաթիվ են Ուկրաինայի եւ Կուբայի քաղաքացիները (համապատասխանաբար 66 եւ 32 անձ): Միգրացիոն ծառայությունը փախստականի կարգավիճակ է տրամադրել 4 անձի։ 2021-ին ապաստան ստանալու հայց է ներկայացրել 260 անձ, նրանցից 78-ը ստացել է փախստականի կարգավիճակ։
«Ապաստանի հայցի՝ դրական եզրակացություն ստանալուց հետո կազմակերպվում է փախստականի ինտեգրման գործընթացը։
Պետությունը 9 ամսվա կտրվածքով ամսական 60 հազար դրամ է հատկացնում փախստականին՝ որպես բնակվարձի փոխհատուցում։ Փախստականի կարգավիճակ ստացած անձը կարող է 1 (որոշ դեպքերում՝ 1,5) տարի ժամկետով ապրել ինտեգրման կենտրոնում»,- նշում է Նելլի Դավթյանը։
Միգրացիոն ծառայության հետ համագործակցում է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը։ Գործակալության արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանն ասում է՝ փախստականի համար ամենաերանելի պահը նոր միջավայրին հարմարվելն է։
«Միգրացիոն ծառայությունը փախստականներին ուղղորդում է դեպի ՀԿ-ներ, որոնց հետ համագործակցում է։ ՀԿ-ներն աջակցում են փախստականներին. կան սոցիալական աշխատողներ, որոնք փախստականներին օգնում են ինտեգրվելու, հարմարվելու նոր միջավայրին։ Սոցիալական աշխատողների հետ փախստականների հարաբերությունները ոչ պրոտոկոլային են, ջերմ, ընկերական։ Փախստականները խնդիրներ ունենալիս դիմում են նրանց։ Այդ մարդիկ առանց զլանալու նրանց հետ գնում են աշխատանք որոնելու, անձը հաստատող փաստաթուղթ ստանալու․․․»,- նշում է Անահիտ Հարությունյանը։
Փախստականի՝ նոր միջավային հարմարվելու գործում մեծ ներդրում ունեն նաեւ հարեւանները։ Նա իրեն սիրված ու պաշտպանված է զգում, երբ, օրինակ, հարեւանը հրավիրում է սուրճ խմելու։
Փախստականները ինտեգրման փուլում երբեմն դեպրեսիա են ունենում, եւ նրանց շրջապատող մարդիկ պետք է սիրով վերաբերվեն նրանց, որպեսզի նրանք հաղթահարեն այդ դժվարին փուլը։ Միգրացիոն ծառայությունը փաստականների համար կազմակերպում է հայոց լեզվի ուսուցման դասընթացներ։ Անահիտ Հարությունյանն ասում է՝ փախստականները երբեմն բողոքում են, որ հայոց լեզուն բարդ է, քերականությունը սովորելն ասես անհնար է, ոմանք էլ, անկախ բոլոր դժվարություններից, լեզուն սովորում են ու ջանում են աշխատանք գտնել։
«Այսինքն՝ մեր ջանքերից զատ շատ կարեւոր է, որ փախստականը ձգտի հասարակությանն ինտեգրվելու, լեզուն սովորելու, աշխատանք գտնելու։ Մելեյնը մոտ 3,5 տարի է, ինչ Հայաստանում է, նա հիմա ինտեգրացիոն տանն է ապրում։ Նա աշխատում է, որպեսզի իր ուղին հարթի։ Նա տաղանդավոր է ու ջանասեր։ Լավ տեսանյութեր է պատրաստում, մոնտաժում, սակայն, ցավոք, կայուն աշխատանք ու աշխատավարձ չունի։ Աֆրիկացիների տեսակն այդպիսին է․ քչով բավարարվում են։ Նա թեկուզ ցածր, բայց կայուն ամենամսյա վարձատրությամբ աշխատանքի կարիք ունի»,- պատմում է Անահիտ Հարությունյանը։
Մեր երկրում ապրող փախստականների շարքերում 26 ազգի ներկայացուցիչ կա, Մելեյնի պես մարդիկ նոր կոլորիտ են բերում իրենց հետ։
«Ցավոք, գործատուների հետ խնդիր է առաջանում։ Ասում են՝ մենք անգամ մեր քաղաքացուն չենք կարողանում գործ տալ, ոմանք էլ առաջարկում են առանց գրանցվելու աշխատել։ Մենք ջանում ենք աջակցել փախստականներին, ՀԿ-ներն ու միգրացիոն ծառայությունն էլ են աջակցում՝ սնունդ, հասարակական տրանսպորտից օգտվելու համար նախատեսված գումար, բնակվարձի սուբսիդիա են տրամադրում… ահա այսպիսի ծրագրեր են իրականացվում, բայց սրանք փախստականի համար խթան են, որպեսզի հետո նա կարողանա ինքնուրույն իր ճամփան հարթել»,- ասում է Անահիտ Հարությունյանը։
Հիմա Մելեյնը շատ է ուզում մեր երկրում ապրել, սիրում է Հայաստանը, բայց հաճախ ընկճվում է, որ ամենամսյա վարձատրությամբ աշխատանք չունի․․․
«Այսուհանդերձ, Մելեյնն այնքան է սիրել մեր երկիրը, որ, վստահ եմ, կառչած է մնալու Հայաստանին։ Մենք պիտի այնպես անենք, որ այդ մարդիկ կարողանան ապրել այստեղ, ստիպված չլինեն ֆինանսական խնդիրների պատճառով հիասթափվել եւ այստեղից հեռանալու ճանապարհներ որոնել․․․ Մենք Սփյուռք ենք ստեղծել, Վիլյամ Սարոյան ու Շառլ Ազնավուր ենք ունեցել Սփյուռքում։ Մենք էլ պիտի կարողանանք մեր երկիր եկած մարդկանց, փախստականներին հյուրընկալել եւ այնպես անել, որ նրանք իրենց ապահով եւ պաշտպանված զգան եւ, իհարկե, կարողանան հաղթահարել սոցիալական խնդիրները»,- եզրափակում է Անահիտ Հարությունյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։