Վերջին 3-4 տարիներին գյուղացուն օգնելու, Հայաստանում գյուղատնտեսությունը եւ ագրարային ոլորտը զարգացնելու նպատակով Կառավարությունը մեկ տասնյակից ավելի ծրագրեր է իրականացնում։ Սակայն աջակցող այդ ծրագրերի արդյունավետության շղթան ինչ-որ փուլում ընդհատվում է, եւ գյուղացին նորից դժգոհ է մնում։ Գյուղոլորտն էլ տարեցտարի ոչ թե աճ, այլ անկում է գրանցում։
Երիտասարդ գյուղատնտես, Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ագրոտեխնոլոգիայի ծրագրավար Սուրեն Հարությունյանը շուրջ քսան տարի գյուղատնտեսությամբ է զբաղվում, դրա զգալի մասը՝ մեղվապահությամբ։ Նրա կարծիքով՝ այս ոլորտում խնդիրները շատ են եւ բազմաշերտ՝ մարդկանց մտածելակերպից մինչեւ Կառավարության բացթողումներ։
Սուրեն Հարությունյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում որոշ դիտարկումներ է արել, որոնք կարող են խնդիրների կարգավորման ուղենիշ լինել։
Կրթել եւ փոխել մտածելակերպը
Առաջին խնդիրը մարդկանց մտածողությունն է։ Էսօր դժվար է տարեց սերնդին առաջարկել գյուղատնտեսության ոլորտի փոփոխությունները, նորարարությունները եւ պարտադրել, որ կիրառեն դրանք։ Փորձով գիտեմ: Երբ բարձրարժեք մշակաբույսերի մշակության մի ծրագրով աշխատում էինք Դեբետում եւ հարակից գյուղերում, ամեն ինչ (սերմեր, տնկիներ, ոռոգման համակարգ եւ այլն) տրամադրում էինք եւ սովորեցնում, մնում էր՝ մարդն աշխատի, ստեղծի։ Ոմանք հետաքրքրություն, պատրաստակամություն ցուցաբերեցին, ուզում էին գնալ փոփոխությունների եւ արդյունք ունենալ։ Իսկ 80 տոկոսը, ինչպես պարզվեց, ուղղակի չուներ մոտիվացիա, լրացուցիչ եկամուտ ունենալու ցանկություն։ Երբ գյուղատնտեսությունը դիտարկում ենք որպես բիզնես, այն աշխատատար է, բայց եկամտաբերության տոկոսները ցածր են։ Կոնկրետ այս տարածաշրջանում, երբ մարդն, օրինակ, գնում, անտառից փայտ է գողանում, տանում, վաճառում ու մի օրվա մեջ, ասենք, աշխատում է հարյուր հազար դրամ, էդ մարդուն մոտիվացնել, ասել՝ արի՛, զբաղվի՛ր գյուղատնտեսությամբ, շատ դժվար է։
Տեղեկության պակաս, թերի պատկերացումներ
Գյուղատնտեսության մասին լիարժեք տեղեկության պակաս կա։ Եվ վատ արդյունք ունենալը դրա հետեւանքն է նաեւ։ Ենթադրենք՝ գյուղացիները գումար չունեն, որ տանեն, հողի անալիզ անեն։ Կից հաստատություններից, կազմակերպություններից մի քանի տարին մեկ գալիս են, համայնքապետարանի հետ նմուշառումներ են անում, էդ տեղեկությունը նույնիսկ մարդկանց հասանելի չէ։ Ասենք՝ որ հատվածից է հողի նմուշը վերցվել, ինչքան էր պարարտանյութի քանակը եւ այլն։ Պարարտանյութեր են սուբսիդավորվում, հիմնականում ազոտական պարարտանյութը, սելիտրան։ Մարդկանց ուղղորդված ասում են՝ ա՛յ սա է, որ կա, ու հենց դա են մեծ մասամբ կիրառում։ Բայց ուսումնասիրված չէ, չգիտես՝ էդ հողի մեջ մենակ ազո՞տն է պակաս, թե՞ այլ էլեմենտներ էլ են պակասում։ Գյուղացիների կարծիքն էսպիսին է՝ սելիտրան անփոխարինելի է։ Մինչդեռ հողում կարող է ազոտը բավարար լինել, նորից բերես, ազոտ տաս, եւ կարտոֆիլի փտախտի առաջացման պատճառ դառնա, ազոտի ավելցուկից տարբեր հիվանդություններ առաջանան, հետո վատ բերք ունենաս եւ ասես՝ բա էս ծախսն էլ արի, էն էլ արի ու էլի արդյունք չունեցա։ Եվ որոշես, որ գյուղատնտեսությունը գործ չէ։
Գյուղատնտեսությունը դարձնել հասանելի
Մենք ունենք Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ), որոնք մատնված են անգործության: Պետք է ուժեղացնել նման կազմակերպությունները, որպեսզի մշակության վերաբերյալ կոնցեպտուալ ուղեցույց կազմվի, ասվի, որ էսինչ մշակաբույսի համար պետք է արվի էսինչ բաները, էս պրոցեսները պետք է լինեն։ Պետք է ասել, թե հողային աշխատանքները, հողերն օրգանական պարարտանյութերով հարստացնելն ինչքան կարեւոր են, եւ ինչ արդյունքներ են լինելու։
Այսինքն՝ գյուղացիական տնտեսությունների համար հասարակ ուղեցույց լինի, քայլերի հաջորդականություն, որ իմանան՝ մշակում են, հետո էս պրոցեսից հետո մյուսն են անելու: Ինչո՞ւ գյուղատնտեսությունը չդարձնենք մարդուն հասանելի։ Էսօր կարող ես ունենալ լավ, բերրի հող, բայց տասը տարի նույն սերմը նույն հողում ցանես։ Սա տանելու է մթերատվության պակասի։ Այսինքն՝ պետք է տեղեկացնել, սովորեցնել։
Գյուղատնտեսությունը դարձնել բիզնես
Պետք է մտածելակերպ փոխել եւ գյուղատնտեսությանը վերաբերվել ոչ թե ուղղակի որպես զբաղմունքի, այլ բիզնեսի։ Պետք է ձեռնարկատիրական մտածողություն լինի։ Կառավարության թույլ տված ամենակոպիտ սխալն էն է, որ մարդկանց տանում են մի ուղղությամբ, որն ընդհանրապես դուրս է ձեռնարկատիրական մտածողությունից։ Այսինքն՝ պետք է խթանեն, մարդկանց հնարավորություն տան, որ սկսեն զբաղվել դրանով, ցույց տան հաջողված օրինակները։ Բայցի այդ՝ արժեշղթայի ուղղությամբ չեն մտածում։ Մարդն արտադրեց՝ ինքն է իր գլխի տերը։ Հասկացանք, որ շուկայական ազատ հարաբերություններ են, բայց պետք է գիտակցել, որ էս հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան անցնելուն, այսինքն՝ պետք է ձեռքից բռնել, սովորեցնել։
Սկսել երեխաներից
Ասում եմ՝ էրեխեք, էն, ինչի մասին հիմա խոսում ենք, դա բիզնես գաղափար է։ Այսինքն՝ էրեխեքի մեջ զարգացնում ես ձեռնարկատիրական մտածողությունը, տարբեր թեմաներով խոսելիս արդեն իրենք էլ են մտածում, թե իրենց գյուղում ինչ ռեսուրս ունեն, ինչից կարելի է փող աշխատել։ Էսօր ունենք մեծ դաշտեր, որտեղ սրսկումներն արվում են հին, խորհրդային տրակտորներով, որոնց արդյունավետությունը բավականին ցածր է։ Էսօր էդ աշխատանքը կարելի է կատարել դրոններով՝ 15 րոպեում, ավելի քիչ թունավորվելով, թունանյութեր սրսկելու համար ճիշտ ժամանակ ընտրելով, որ ավելի քիչ վնաս հասցնենք մեղվապահությանը եւ այլ ճյուղերին։
Մեկ հեկտարի համար էդ ծառայությունը կարժենա օրինակ 25 հազար դրամ՝ կախված թունանյութից։ Գնին չպետք է նայել, պետք է էդ ուղղությամբ ներդրում անել։ Օրինակ, երբ գյուղացին վարկ է վերցնում, կարող է դա ծառայացնել իր ընտանիքում երիտասարդի կրթությանը, հետո դրոն բերի ու իր համայնքում, իր եւ կողքի գյուղերի համար անի էդ գործը։ Իր համար բիզնես կդառնա, եւ գյուղացիներին նույնպես օգուտ կլինի։ Վերջապես ինչ-որ մի պահի պետք է ներդրում անես՝ չսպասելով, որ Կառավարությունը ինչ-որ բան փոխի։ Դու ինքդ պիտի մտածես քո բիզնեսը զարգացնելու ուղղությամբ։
Կայծը համայնքներ գցել
Իրազեկվածությունն ինչո՞ւ եմ շեշտում։ Նայում ես՝ ցորեն-կարտոֆիլ, ցորեն-կարտոֆիլ։ Ինչո՞ւ մի տարի, օրինակ, բրոկոլի չեն ցանում, հաջորդ տարին՝ խոշոր սիսեռ։ Նախ ցանքաշրջանառության համար է օգտակար, հետո ավելի եկամտաբեր, բարձրարժեք մշակաբույսեր են։ Եկեք ծնեբեկ ցանենք, որ կիլոգրամը վաճառենք 2,5 հազար դրամով, ոչ թե կարտոֆիլ, որ մտածենք՝ 150 դրամով ծախենք, ե՛ւ բանվորի փողը տանք, ե՛ւ տակը բան մնա։ Սա հիասթափություն է բերում։ Մարդկանց պետք է առաջարկել, ասել՝ արի՛, ազնվամորի դիր, մոշ դիր, պետք է վարակիչ դարձնել, պետք է կայծը գցելհամայնքներում։
Երիտասարդները մեծ հետաքրքրություն ունեն մեղվապահության նկատմամբ, որովհետեւ միշտ խոսում ենք, որ մեղվապահությունը գյուղոլորտի ամենաեկամտաբեր ուղղություններից է։ Ունենք փեթակներ, որ էրեխեն իր աչքով կարողանում է տեսնել, աշխատել, եւ արդեն հետաքրքրությունն առաջանում է։ Իսկ մեծահասակները, տարեցները փոփոխությունների դժվար են գնում եւ, ավանդական գյուղատնտեսությամբ զբաղվելով, շատ հաճախ լավ արդյունք չեն ունենում։ Մենք շեշտը պետք է դնենք երիտասարդների վրա, պետք է սովորեցնենք՝ ոնց աշխատեն նոր տեխնոլոգիաներով, ոնց կիրառեն դրանք, մշակության միջոցներ պետք է առաջարկենք, որոնք ավելացնում են մթերատվությունը, եւ էրեխեքի միջոցով էդ փոփոխությունները մտցնենք։
Հաջորդ սերնդին դեգրադացված հողեր ենք թողնելու
Մշակովի հողատարածքներն էսօր ոչ լիարժեք եւ ոչ նպատակային են օգտագործվում։ Մենք շատ ավելի մեծ խնդրի առաջ ենք կանգնած, քան պատկերացնում ենք։ Էսօր ուզում ենք բարելավել էն տարածքները, որոնք ցանում ենք։ Բայց մեր մարզի մասշտաբով մեծ քանակությամբ վարելահողեր, մշակովի հողակտորներ ունենք, որ օգտագործվում են որպես խոտհարքներ, որպես արոտավայրեր։ Եվ մենք հաջորդ սերնդի համար թողնում ենք աղետալի վիճակ։ Հողերի դեգրադացում է գնալու, ու վաղվա սերունդը դրանց վրա միլիոններ էլ ծախսի, չի կարողանալու բերել լիարժեք օգտագործման։
Օրենսդրական կարգավորումներ են պետք
Մարդիկ կան, որ տարիներով Ռուսաստանում են եւ թողել են իրենց հողերը։ Կամ մարդը մահացել է, ժառանգ չկա եւ այլն։ Ու կա մեկ ուրիշը, որն ուզում է վարձակալել եւ օգտագործել դրանք։ Ընթացակարգը շատ բարդ է։ Այդ տարածքները նախ պետք է դառնան համայնքային. դա պետք է անի համայնքապետարանը դատարանի միջոցով։ Շատ դեպքերում համայնքապետարաններն ուղղակի խուսափում են դա անելուց, որովհետեւ լրացուցիչ գլխացավանք է։ Ի վերջո շատ-շատ հողակտորներ ունենք, որ իրավաբանական խնդիրներով պայմանավորված՝ մնում են անմշակ կամ գոնե չեն տրվում էն մարդուն, ով ռեսուրս ունի, ուզում է մշակել, բայց իրավաբանորեն հնարավորություն չունի դրանք տնօրինելու։
Գյուղատնտեսության նախարարությունը փակվում է, եւ մնում է ուղղակի մի վարչություն՝ փոխանակ ավելի մեծ ներդրումներ անելու, ռեսուրս ծախսելու, որպեսզի կարողանան պարենային անվտանգություն ապահովել։ Առաջնայինն, իհարկե, սահմաններն են, երկրորդ տեղում պիտի լինի պարենային անվտանգությունը։ Իսկ դա թողնված է բախտի քմահաճույքին էն պարագայում, երբ սահմաններին կա լուրջ խնդիր, ու կարող ես տնտեսական առումով հայտնվել շրջափակման մեջ։ Գոնե քո պարենի պաշարը չես կարողանում ապահովել ու ներկրում ես։ Էս պարագայում գյուղատնտեսության վրա ուշադրություն չդարձնելն ուղղակի հանցագործություն է։
Լավ ապագա պլանավորելով
Պլանավորում եմ ավելի շատ աշխատել երեխաների հետ, հատկապես բարձրարժեք, ոչ ավանդական մշակաբույսերի, ինտենսիվ այգեգործության եւ մեղվաբուծության ոլորտներում՝ իհարկե շեշտը դնելով կրթության վրա։ Որովհետեւ մեր լավ ապագան միայն կրթության միջոցով է լինելու։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։