Բնիկ շուշեցի Կարո Ազիրյանը 44-օրյա պատերազմի ժամանակ իր տան նկուղում էր, երբ առաջնագծից սկսել են գալ առաջին սարսափելի լուրերը: Կարոն սրտի կաթվածով տեղափոխվել է Ստեփանակերտ, որտեղ վիրահատվել է: «Իմացա, որ Հադրութը կորցրել ենք: Այդ ժամանակ ե՛ւ տղաս, ե՛ւ քրոջս տղան Հադրութում էին: Սիրտս չդիմացավ: Երբ տեղափոխվեցի հիվանդանոց, դեռ չգիտեի, որ էլ երբեք Շուշի չեմ վերադառնալու»,- պատմում է նա:
Սա Կարո Ազիրյանի տեսած առաջին պատերազմը չէր: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ ընդամենը 22 տարեկան էր, կորցրել էր ոտքը:
Ընտանիքն այժմ ապրում է Երեւանում` ուսանողական հանրակացարանում: Չորս երեխաներից երկուսը` Բենիկն ու Արմանը, պայմանագրային զինծառայողներ են: Ավագ դուստրն աշխատանք գտնելու համար այժմ վարսավիրական դասընթացների է հաճախում, իսկ կրտսերը երազում է երաժիշտ դառնալ:
Ընտանիքի մայրը՝ 47-ամյա Նարինեն, մինչ օրս չի կարողացել աշխատանք գտնել: «Ուր զանգահարում եմ, ասում են՝ մեծ ես»:
Կարո Ազիրյան. «Ծնվել ու մեծացել եմ Շուշիում: Յոթ պորտով այնտեղից եմ:
Տատերս, պապերս էլ նախկինում գաղթել են Շուշիից, բայց էլի վերադարձել, տուն-տեղ են դրել»:
Կարոն Շուշիի էլեկտրացանցում պահակ էր աշխատում, Նարինեն երաժշտական դպրոցում էր դասավանդում:
Պատերազմի ժամանակ ընտանիքի ավագ որդին` Բենիկը, եղել է առաջնագծում ու հրաշքով է ողջ մնացել:
Նարինե Ազիրյան.«Մեր նկուղում երեսուն երեխա կար: Երբ Շուշին ռմբակոծում էին, տղաս` Արմանը, 17 տարեկան էր, կիթառ էր նվագում,
որ երեխաները ռմբակոծության ձայները չլսեն»:
Շուշիից տեղահանված ընտանիքը չի ցանկանում ընդմիշտ մնալ Երեւանում:
Նարինե Ազիրյան. «Շուշեցիների համար Արցախում տներ են կառուցում, բայց դեռ հայտնի չէ՝ երբ պատրաստ կլինեն:
Մենք որոշել ենք, որ երբ տուն լինի, հետ ենք գնալու»:
Նարինե Ազիրյան. «Այստեղ, որտեղ ապրում ենք, ուսանողական հանրակացարան է:
Սեպտեմբերից սովորողները պետք է վերադառնան»:
Տասնմեկ տարեկան Աննան զբաղվում է վոկալով եւ դաշնամուր է նվագում, մեկ-մեկ էլ նկարում է Շուշիի իր հուշերը:
Աննա Ազիրյան. «Ես Շուշիում էլ էի երաժշտական դպրոց գնում, այստեղ էլ: Ուզում եմ երգչուհի դառնալ»:
Նարինե Ազիրյան. «Շուշիում մեր տներն ու հողն ունեինք ու էլի շատ բաներ:
Հիմա մեզ պես շատերը հույս ունեն գոնե մի փոքր տանիք ունենալու Արցախում»:
«Բայց ո՞նց են բնակարաններում ապրելու այն մարդիկ, որոնց ապրուստի միջոցն իրենց հողը մշակելն էր»:
Կարո Ազիրյան. «Վերջերս խանութում այս արձանիկը տեսա: Շուշիում մնացած շանս նման էր»:
Նարինե Ազիրյան.«Ո՛չ մեկ, ո՛չ երկու տարի հետո հնարավոր չէ հաշտվել եղածի հետ:
Բայց Շուշին միշտ լինելու է, մնալու է իր տեղում. տղաների կորուստն է, որ անվերադարձ է»:
Կարո Ազիրյան. «Առաջին պատերազմում կորցրի ոտքս, երկրորդում` սիրտս` Շուշին»:
Լրագրող, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։