Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական համատեղ նախագիծը՝ TANAP գազատարը, կարող է դառնալ ռուսական գազի այլընտրանք Եվրոպայի համար։
«Երկու հիմնական այլընտրանքներից մեկը TANAP-ն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծը»,- ասել է նա՝ նկատի ունենալով ՌԴ-ից Եվրոպա մատակարարվող գազին այլընտրանք լինելը։
Ավելի վաղ ֆրանսիական Le Monde պարբերականը հրապարակել է 50 ընտրված պաշտոնյաների հոդվածը, որում հեղինակներն անդրադարձել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությանը՝ ԵՄ-ի համար ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով:
«Մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով ադրբեջանական գազի ներկրումը կրկնապատկելու կոչված նոր համաձայնագրի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը սարսափեցնում է բոլոր նրանց, ովքեր գիտեն՝ ինչպես է բռնապետությունն Ադրբեջանում օգտագործում գազի վաճառքից ստացված եկամուտները»,- ասված է պարբերականում հրապարակված հոդվածում:
Հոդվածի հեղինակները Եվրահանձնաժողովին կոչ են արել հրաժարվելու Ադրբեջանի հետ այս նախագծից, իսկ Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաեւ Եվրախորհրդարանին՝ ոչ մի դեպքում չվավերացնել այնպիսի համաձայնագիր, որը ռուսական գազից կախվածությունը կփոխարինի ադրբեջանական գազից կախվածությամբ: