Իրանի Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանը Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ «Թուրքիայի ամբարտակաշինության հետեւանքներն Իրանի շրջակա միջավայրի անվտանգության վրա» խորագրով քննարկում է անցկացրել:
Քննարկման ընթացքում Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանի դասախոս, միջազգային հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանն ընդգծել է, որ Տիգրիս, Եփրատ եւ Արաքս գետերի վրա ամբարտակների կառուցումն անմիջական ազդեցություն են թողնում նաեւ Իրանի վրա:
Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Համիդ Հաքիմը նշել է, որ թուրքական կողմից ամբարտակների կառուցումն ազդում է Իրանի շրջակա միջավայրի, պարենային անվտանգության, գյուղատնտեսության վրա։ Դա, ըստ նրա, իր հերթին արտագաղթի, սոցիալական դժգոհության եւ անհնազանդության պատճառ է դառնում:
Պրոֆեսոր Համիդ Հաքիմը շեշտել է, որ Թուրքիան ջրի հարցը քաղաքական զենք է դարձրել եւ Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի դեմ որպես ճնշման լծակ է օգտագործում:
Ըստ Համիդի՝ թուրքական Իլիսուի եւ Աթաթուրքի ամբարտակների ջրառի հզորությունն ավելի մեծ է, քան Իրանում կառուցված բոլոր ամբարտակներինը։
Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Փույան Բերլիանն էլ շեշտել է, որ իր քաղաքականությամբ Թուրքիան մի շարք միջազգային պարտավորություններ է խախտել:
Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ ամարտակներ կառուցելու Անկարայի քաղաքականության դեմ պետք է պայքարել ոչ միայն խոսքով, այլեւ գործնականում: