Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան «սեւ ցուցակում» է ներառել Մեծ Բրիտանիան ներկայացնող 39 լրագրողների եւ քաղաքական գործիչների։
Կայքում հրապարակված ցանկում ընդգրկվել են նաեւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը, ԱԳՆ մամուլի քարտուղար Հելեն Բաուեր-Իթոնը, մի շարք այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ լրագրողներ, որոնց թվում է «Բի-Բի-Սի» կորպորացիայի լրատվական ծառայության ղեկավար Ջոնաթան Մանրոն:
Ռուսական կողմը սա գնահատել է իբրեւ համարժեք եւ վճռական պատասխան ռուսատյացություն սերմանելու, ՌԴ-ի մասին ոչ հավաստի տեղեկություններ տարածելու եւ Կիեւի նեոնացիստական ռեժիմին աջակցելու ուղղությամբ Մեծ Բրիտանիայի կործանարար գործողություններին։
«Առճակատման օգտին ընտրություն անելը բրիտանական քաղաքական վերնախավի գիտակցված որոշումն է, որի վրա էլ ընկած է հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը»,- ընդգծել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են նաեւ, որ հաշվի առնելով «մտացածին եւ անհեթեթ պատրվակներով պատժամիջոցներ սահմանելու Լոնդոնի ապակառուցողական ձգտումը»` ռուսական «սեւ ցուցակն» ընդլայնելու աշխատանքը կշարունակվի: