Հանրային հեռուստաընկերությունից հայտնել են, որ Հանրային հեռուստաընկերությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից ծանուցում է ստացել առ այն, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը:
Այսպիսով՝ դադարեցվում է «Առաջինի լրատվական ալիքի» հեռարձակումը սովորական թվային ընդունիչով: Հանրային հեռուստաընկերությունն այս որոշմանը համաձայն չէ, սակայն այլեւս չի կարող հեռարձակվել:
«Առաջին ալիքը» հայտնել է, որ կրկին մասնակցելու է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման հայտարարված մրցույթին:
«Առաջինի լրատվական ալիքին կարող եք շարունակել հետեւել մալուխային եղանակով (Ucom, Rostelekom, Team Telecom եւ այլն), 1lurer.am կայքի ուղիղ հեռարձակման բաժնում` YouTube-յան ալիքում եւ այլ սոցհարթակներում (Facebook, Telegram, Instagram)»,- ասված է հայտարարության մեջ: