Երիտասարդ հայ քաղաքագետն իշխանություններին «կշտամբում է» խաղաղության օրակարգին տուրք տալու համար եւ առաջադրում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «գետնի վրա» անվտանգության միջազգային երաշխիքների ամրագրման առաջնահերթություն:
Ինչպես ընդունված է ասել, ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Խնդիրն այն է, թե մենք ունե՞նք մոտեցումների կամ «հայեցակարգերի» քննարկման եւ օպտիմալ տարբերակի ընտրության հնարավորություն: Կամ ավելի առարկայական ասած՝ կա՞ ներհայկական բանավեճ սկսելու եւ ինչ-որ համախոհության հանգելու բավարար ժամանակ: Մամուլի, սոցիալական մեդիայի հրապարակումներից, քաղաքական շրջանակների փոխհրաձգությունից դատելով՝ հայ հանրության մի հատվածը համարում է, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվեր 1997-1998 թվականներին, մյուսը շարունակում հավատալ, որ «պատերազմը Նիկոլն է հրահրել, որպեսզի հողերը հանձնի եւ եթե հեռանա, հնարավոր կլինի խուսափել նոր կորուստներից»:
Իշխանությունը հակադարձում է թե՛ մեկին, թե՛ մյուսին եւ գեներացնում, որ հարցը մեր պատկերացումների կամ ակնկալիքների հիման վրա լուծելու հնարավորություն երբեք չի եղել: Ով է այս բանավեճում գոնե հարաբերականորեն արդարացի՝ ոչ մի նշանակություն չունի: Ունենք այն, ինչ ունենք: Իսկ եղածը զինադադարի մասին նոյեմբերի 9/10-ի եռակողմ Հայտարարությունն է: Սա է «գետնի վրա» իրականությունը: Օրինաչափություն է, որ զինադադարի մասին համաձայնությունը խաղաղության համապարփակ պայմանագրի հիմքն է: Կամ կողմերից մեկը խախտում է այն եւ պատերազմը շարունակում մինչեւ մյուսի լիակատար անձնատվություն կամ իր համար ավելի նպաստավոր պայմաններով նոր զինադադարի հաստատում: Ցանկացած ողջախոհ մարդ կհամաձայնի, որ զինադադարը խախտելու եւ «ռեւանշ-պատերազմ» սկսելու ոչ մի հնարավորություն մենք չունենք: Չենք ունենա նաեւ վաղը: Խնդիրը միայն ռեսուրսները չեն:
Քառասունչորսօրյա պատերազմում Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածքի կորուստներ չի ունեցել: Քարվաճառը, Քաշաթաղը, Ակնան, Կովսականը, Ջրականը, Վարանդան եւ Սանասարը միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համար Քելբաջար, Լաչին, Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Կուբաթլու եւ Զանգելան են՝ ադրբեջանական տարածքներ, որ մոտ երեսուն տարի հայկական վերահսկողության ներքո էին, այժմ Ադրբեջանը «վերադարձրել է»:
Պատերազմի վերսկսման հնարավորություն գուցե Ադրբեջանը ունի, բայց իրավունք՝ ոչ: Հակառակ դեպքում պաշտոնական հաղորդագրության մեջ նրա պաշտպանության նախարարությունը չէր օգտագործի «օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին» ձեւակերպումը, կասեր՝ «շփման» կամ «ռազմաճակատի գիծ», ինչպես տարիներ շարունակ բնորոշում էր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի «լոկացիան»:
Սրանից, իհարկե, չի հետեւում, թե Ադրբեջանը նոր սրացումների մտադրություն, նպատակ կամ ցանկություն չունի: Ունի եւ իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում կարող է «կանխարգելիչ քայլերի» դիմել: Մինչ այդ Բաքուն ձգտում է «գետնի վրա» հասնելու «հաղթական պատերազմի» ռազմա-քաղաքական հետեւանքների (իր համար՝ արդյունքների) իրավական ամրագրման՝ ունենալով ուժային բոլոր կենտրոնների արտաքին քաղաքական աջակցությունը:
Խաղաղության պայմանագրի «ադրբեջանական հինգ սկզբունքները» դա են վկայում: «Գետնի վրա» Հայաստանը չի կարող մերժել փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու, մեկը մյուսին տարածքային պահանջներ չներկայացնելու եւ մյուս «սկզբունքները»:
Հետեւաբար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը գրեթե անխուսափելի է: «Արմենպրեսին» տված վերջին հարցազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վերահաստատեց, որ ադրբեջանական «հինգ սկզբունքներում» Հայաստանի համար «անընդունելի ոչինչ չկա»: Ոչ ոք, սակայն, ուշադրություն չդարձրեց, որ նա արդեն չխոսեց Հայաստանի ներկայացրած «վեց առաջարկությունների» մասին: Ինտրիգն, ահա, այստեղ է։ ԱԽ քարտուղարը, թերեւս առաջին անգամ, խոսեց այն մասին, որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից տարանջատելու գաղափար: Քննարկվե՞լ է դա կողմերի արտգործնախարարների հուլիսի 16-ի հանդիպման ընթացքում, որից, ինչպես Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն է ասում, ադրբեջանական կողմը «գոհ է»:
Դժվար է կողմնորոշվել, մանավանդ որ վերջին օրերին թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, թե՛ ԼՂ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտման կամ այդ մասին տեղեկատվական «փոխհրաձգության» դեպքերն ավելացել են: Երբ դիվանագիտական աշխուժացումը զուգորդվում է ռազմական սրացման վտանգի մեծացմամբ, պետք է ենթադրել, որ խորքային գործընթացը կողմերից մեկին անհանգստացնում է:
Regnum-ի մեկնաբան Ստանիսլավ Տարասովն, օրինակ, կարծում է, որ Փաշինյանը «Ղարաբաղը դուրս է բերում հայ-ադրբեջանական հավասարումից, բայց դա չի նշանակում, թե Ալիեւի համար հեշտ կլինի լուծել այն, քանի որ նա կբախվի արտաքին խաղացողների կոշտ դիմակայությանը»: Ովքեր են «արտաքին խաղացողները»՝ միայն ենթադրել կարելի է: Ակնհայտ է, որ «դիմակայություն» ասելիս մեկնաբանը նկատի ունի ԼՂ կարգավիճակի հարցը: Այս իմաստով «գետնի վրա» ունենք նոյեմբերի 9-ի Հայտարարության «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցք» եւ «Լեռնային Ղարաբաղում շփման գիծ» ձեւակերպումներ:
Խնդիրն այն է, թե երբ եւ ինչպես են բացվելու, բացվելու են, արդյոք, այդ «փակագծերը»:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։