Լույս է տեսել լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սեւ. 2020-ի հայկական աղետը» գրքի 4-րդ հրատարակությունը:
Այս հատորը առաջին անգամ լույս է տեսել 2008-ի ամռանը եւ անցնող 12 տարիներին ունեցել 8 հրատարակություն հայերենով, այդ թվում՝ արեւմտահայերեն/մեսրոպյան ուղղագրություն, ռուսերենով, անգլերենով, թուրքերենով եւ արաբերենով:
Ընդհանուր առմամբ, գիրքն ունեցել է 7000 օրինակ տպաքանակ:
Նախորդ՝ 3-րդ հրատարակությանը ավելացվել է երեք նոր գլուխ, որոնք ընդգրկում են 2011-2020 ժամանակաշրջանը, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը:
Այս հատորի, ինչպես նաեւ Հակոբյանի նոր գրքի՝ «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», շնորհանդեսը տեղի կունենա մարտի 23-ին, երեքշաբթի, երեկոյան ժամը 19.00-ից մինչեւ 21.00-ը, Երեւանում, Արթբրիջ գրախանութ-սրճարանում (Աբովյան, 20):
«44-օրյա պատերազմը ներկայացրել ենք հակիրճ, քանի որ դեպքերը շատ թարմ են եւ ժամանակ ու պրպտուն աշխատանք է պետք ամբողջովին հասկանալու, թե ինչու եւ ինչպես հնարավոր եղավ մի քանի շաբաթում կորցնել այն, ինչ ձեռք էինք բերել մի քանի տարիների ընթացքում եւ պահել ավելի քան 25 տարի, ինչու եւ ինչպես ընկավ անառիկ համարվող Շուշին եւ բազում այլ հարցեր: Սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը տեւած պատերազմը առանձին ուսումնասիրության, առանձին հատորի նյութ է»,- ԱՆԻ կենտրոնի կայքում գրել է հեղինակը։