ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հայտնել են, որ այս տարվա փետրվար-հունիսին հայկական անձնագիր է ստացել Ռուսաստանի շուրջ 6500 քաղաքացի:
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ՌԴ քաղաքացիները փետրվարին ներկայացրել են 267, մարտին` 1034, ապրիլին` 1576, մայիսին` 1712 դիմում, իսկ հունիսին դիմողների թիվը հասել է 1889-ի։
Նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են Բելառուսի 44 եւ Ղազախստանի 8 քաղաքացիներ:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ծանրաբեռնվածությունն այս տարվա հունիսի 1-ից հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 60%-ով:
Եթե 2021-ի հունիսի 1-ից հուլիսի 19-ը վարչությունը սպասարկել է 206 հազար 318 մարդու, ապա 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 337 հազար 848 մարդու։
Ավելացել է ՀՀ քաղաքացիության ստանալու դիմումների թիվը՝ 1191-ից հասնելով 3759-ի, մշտական բնակության համար դիմումների թիվը 28 հազար 635-ից հասել է 35 հազար 354-ի։
Սոցիալական քարտին փոխարինող հանրային ծառայությունների համարանիշ ստացողների թիվն ավելացել է 76 հազար 961-ով․ եթե 2021-ի հունիսի 1-ից հուլիսի 19-ը հանրային ծառայությունների համարանիշ է ստացել 28 հազար 638 մարդ, ապա 2022-ի նույն ժամանակահտվածում՝ 105 հազար 599 քաղաքացի: