ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաեւ կազմակերպությունների հեռախոսահամարներին զանգահարելու միջոցով՝ չայցելելով կազմակերպություն։ Լիցենզավորված կազմակերպություններում հերթագրումն արվում է բացառապես անվճար։
Հերթագրման համար լիցենզավորված կազմակերպությունում գումար պահանջելու դեպքերի մասին պետք է տեղեկացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությանը՝ նշելով լիցենզավորված կազմակերպության տվյալները։
Օգոստոսի 1-ից նոր գործընթաց է սկսվել` գազով շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների գազաբալոնները պետք է վկայագրվեն։
Գերատեսչությունից ավելի վաղ հայտնել էին, որ հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը` վկայագրման համար հերթագրված վարորդները մինչեւ իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լիցքավորելու իրենց մեքենաները գազալցակայաններում։
Տրանսպորտային միջոցները գազալցակայաններում կարող են լիցքավորվել, եթե վարորդը ներկայացնի լիցենզավորված ընկերություններում գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը հավաստող փաստաթուղթը։
Երեւանում եւ մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն: