ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՌԴ-ից եւ Ուկրաինայից հայտեր է ստացել Ելենովկայի քննչական մեկուսարանին հասցված հարվածի հետաքննության համար։
«Մենք ուսումնասիրում ենք՝ առկա՞ են արդյոք պայմաններ, որոնք հնարավոր կդարձնեն ՄԱԿ-ի հետաքննության անցկացումը»,- հավելել է Դյուժարիկը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ամերիկյան HIMARS-ներից այսպես կոչված ԴԺՀ Ելենովկա բնակավայրի քննչական մեկուսարանին հասցված հարվածի հետեւանքով զոհվել է 50, վիրավորվել` 7 ռազմագերի։
Ավելի ուշ ինքնահռչակ ԴԺՀ–ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ Ելենովկայի մեկուսարանի ռմբակոծությունը կանխամտածված է եղել եւ սկսվել է այն պատճառով, որ այնտեղ գտնվող գրոհայինները, մասնավորապես` «Ազով» խմբից, սկսել էին ցուցմունքներ տալ։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ռուսաստանը հրավիրել է Միավորված ազգերի կազմակերպության եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փորձագետներին` Ելենովկայում հետաքննություն անցկացնելու համար։