Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիեռը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն անբարեխիղճ եւ անլուրջ է համարում կալանքի տակ գտնվող քաղաքացիների փոխանակման ամերիկյան առաջարկներին Ռուսաստանի կառավարության պատասխանը։
ԱՄՆ նախագահի ներկայացուցիչն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է բարեխիղճ բանակցություններ վարելու այս հարցի շուրջ եւ բովանդակալից առաջարկ է ներկայացրել եւ ուզում է հնարավորինս շուտ պայմանավորվածություն ձեռք բերել:
Կալանավորների եւ դատապարտվածների փոխանակման հարցը օրերս հեռախոսով քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը եւ Սերգեյ Լավրովը:
Ամերիկյան կողմն առաջարկել էր Ռուսաստանում թմրադեղի մաքսանենգության փորձի համար կալանավորված Բրիթնի Գրայնենին եւ լրտեսության համար դատապարտված Փոլ Ուիլանին փոխանակել ԱՄՆ-ում զենքի մաքսանենգության համար դատապարտված Վիկտոր Բուտի հետ:
Մոսկվան իր հերթին Վաշինգտոնին առաջարկել է երկու երկրներում պահվող կալանավորների փոխանակման ցանկում ներառել նաեւ․․․ Գերմանիայում սպանության մեղադրանքով ազատազրկված Վադիմ Կրասիկովին։