ՀՀ իշխանությունները շարունակում են արգելել Սփյուռքի դաշնակցական հայերի մուտքը Հայաստան: Երեկ Նիդերլանդների երկու քաղաքացու մուտք է արգելվել, որոնցից մեկն այդ երկրի Հայ դատի գրասենյակի ղեկավարն է:
Սփյուռքում այս փաստը կարող է լուրջ տագնապի առիթ տալ՝ Հայաստանը պատերազմ է հայտարարել սփյուռքահայերին: Ու նրանց տագնապը կարող է ուժեղանալ այն ֆոնին, որ ՀՀ իշխանությունները սկսել են կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Այսինքն՝ Սփյուռքում կարող են մտածել, թե թուրքերն են մերոնց թելադրում ում արգելել կամ ում մուտքը թույլատրել Հայաստան:
Այդպես է, թե ոչ, դժվար է ասել: Բայց ես անձամբ կարգելեի կիպրահայ դաշնակցականներ Հակոբ Գազանճյանի ու Սիմոն Այնեճյանի մուտքը Հայաստան, որոնք, ՀՀ քաղաքացի չլինելով, մեզնից պահանջում են, որ մենք Թուրքիայից ունենանք հողային պահանջներ: Մի քանի օր առաջ նրանք Կիպրոսի ինչ-որ ճաշարանում բռնեցրել են ՀՀ Սփյուռքի հանձնակատարին եւ ասել, որ ՀՀ քաղաքականությունը սխալ է, ՀՀ-ն չպետք է հայտարարի, որ «ոչ մեկ հողային պահանջներ ունի Թուրքիայեն»:
Հակոբ Գազանճյանի եւ Սիմոն Այնեճյանի մուտքը կարգելեի ոչ թե այն պատճառով, որ նրանք անիմաստ հույսեր ունեն, թե Հայաստանը կարող է պահանջել ու ստանալ, այլ այն պատճառով, որ այդ հույսերն ունեն ոչ թե իրենց անունից, այլ մեր անունից։ Կարգելեի այն պատճառով, որ նրանց համար պատերազմը բառացիորեն նույնն է, ինչ խաղաղությունը։ Կարգելեի, որ չեն խրատվում անընդհատ փոքրացող այս երկրի սին հույսերից:
Հայաստանը կարող է ունենալ հողային պահանջներ նույնիսկ Պակիստանից, Միացյալ Նահանգներից ու Չիլիից, եւ պնդում եմ, որ կարող է ունենալ, բայց նա պետք է մի հատ քրքրի իր զինանոցը՝ արդյո՞ք աշխարհի բոլոր միջուկային զենքերը միայն իր մոտ են, թե՞ գուցե մեկ-երկու հատ Պակիստանն ու Ամերիկան էլ ունեն:
Կուզեի ամբողջ աշխարհը դառնար Հայաստան, բայց այդ դեպքում անձամբ պիտի պատասխան տամ, թե ինչու չի դառնում, ու ինչու է իմ այդ ցանկությունը միայն փոքրացնում, իսկ մի օր էլ գուցե վերացնում Հայաստանը:
Ես չգիտեմ, թե ՀՀ իշխանություններն ինչու են արգելել Նիդերլանդների երկու հայ քաղաքացիների մուտքը Հայաստան, գուցե շուտով բացատրություն տան: Եվ չէի ասի, թե հրճվում եմ նրանց մուտքի արգելքով: Բայց, ըստ իս, մոլորակի բոլոր կողմերում ապրող հայերը պիտի հիշեն, որ ոչ թե իրենք պետք է քաղաքականություն թելադրեն Հայաստանին, այլ Հայաստանն ինքը պետք է ունենա քաղաքականություն թելադրելու հնարավորություն, որպեսզի մոլորակի բոլոր հայերը հանգիստ խղճով բնօրրան վերադառնան։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: