ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով եւս վեց ընկերություն եւ մեկ նավ։
Պատժամիջոցները սահմանվել են ԱՄԷ-ում գրանցված Blue Cactus Heavy Equipment and Machinery Spare Parts ընկերության, ինչպես նաեւ չինական եւ սինգապուրյան ընկերությունների նկատմամբ:
Պատժամիջոցների ցսնկում է հայտնվել նաեւ Պանամայի դրոշի ներքո նավարկող, բայց չինական Golden Warrior Shipping ընկերությանն առնչվող Glory Harvest լցանավը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարբերաբար պատժամիջոցներ է սահմանում այն ընկերությունների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի գնահատմամբ, մեղադրվում են իրանական նավթի «անօրինական» վաճառքի եւ փոխադրման համար։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ վճռականորեն դեմ է նման գործողություններին՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անվանելով անօրինական եւ չհիմնավորված:
ՉԺՀ-ի ԱԳՆ-ում ընդգծել են, որ միջազգային հանրությունը, ներառյալ Չինաստանը, Իրանի հետ նորմալ համագործակցություն է զարգացնում միջազգային իրավունքի շրջանակում։ Ըստ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ այդ գործընկերությունը ռացիոնալ եւ օրինական է, վնաս չի հասցնում երրորդ կողմերի շահերին եւ պետք է հարգել ու պաշտպանել այն։