2022-ի հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի:
Ըստ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրության՝ նշված գանգատն, ի թիվս այլնի, վերաբերում է 2022-ին Արցախի Խրամորթ եւ Փարուխ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետեւանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը։
Միջպետական գանգատը վերաբերում է նաեւ Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած իրական սպառնալիքներին։ Գանգատն առնչվում է նաեւ 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի՝ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին։ Նշված դեպքերի արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը:
Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ուղարկվել նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով գերեվարված եւ անհետ կորած համարվող անձանց հարցով անհապաղ միջոցի կիրառման դիմում-խնդրագրեր:
ՀՀ Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատ էր ներկայացրել նաեւ 2021-ի փետրվարի 1-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: