Ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից պնդում էին, թե ավտոմեքենաների գազաբալոնների վկայագրման վերջնաժամկետը չի երկարաձգվի, եւ օրենքը օգոստոսի 1-ից պետք է կիրառվի: Բայց ինչպես ակնկալվում էր, եղավ հակառակը. որոշվել է հետաձգել օրենքի կիրառումը։ Որոշողը, բնականաբար, ՏԿԵ նախարարությունը չի եղել, այս նախարարությանը վերապահվել է ընդամենը որոշումը կատարողի գործառույթ։
Եվ այսպես, երեկ պարզ դարձավ՝ վարորդները կարող են հեռախոսազանգով հերթագրվել, ու մինչեւ հասնի լիցենզավորվելու իրենց հերթը, կշարունակեն սպասարկվել գազալցակայաններում։ Որոշումը միանշանակ տրամաբանական է. Հայաստանում գործում է 20 լիցենզավորման կետ այն դեպքում, երբ մեր երկրում գազով աշխատող ավելի քան 400 հազար մեքենա կա։ Հերթագրվելու դեպքում մոտակա ժամկետը նոյեմբերին է, շատ կետերում՝ անգամ հաջորդ տարի։ Այնպես որ, անգամ 24 ժամ աշխատելու դեպքում անհնար էր մինչեւ օգոստոսի 1-ը լիցենզավորել բոլոր մեքենաները։ Ըստ այդմ՝ պետք էր գտնել ինչ-որ լուծում։
Լուծումը գտնվեց։ Բայց այդ որոշումը կայացվեց, երբ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզով անցնելիս հանդիպեց ճանապարհը փակած գյուղացիների։ Տեղում զանգահարեց ՏԿԵ նախարարին եւ հանձնարարեց լուծել խնդիրը: Կարճ ժամանակ անց եղավ ՏԿԵ նախարարության հաղորդագրությունը, թե գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը դյուրացրել են, այլեւս կարիք չի լինի այցելել լիցենզավորված ընկերություն։
Հիմա արդեն բոլորը գոհ են ու երջանիկ։ Ստացվեց գեղեցիկ հեքիաթ՝ բարի թագավորի ու չար բոյարների մասին:
Նման գործելաոճն, իհարկե, նորություն չէ. հիշում եք Մաշտոցի պողոտայում կրպակների հայտնի պատմությունը. ակտիվիստները մի քանի ամիս շարունակ պայքարում էին պողոտային հարող պուրակում կրպակներ տեղադրելու դեմ, քանի որ ծառեր պետք է հատվեին։ Եվ ահա ամիսներ տեւած պայքարից հետո Սերժ Սարգսյանն այցելեց այնտեղ եւ քաղաքապետ Մարգարյանին հրահանգեց՝ «Տարոն ջան, սիրուն չէ»։ Այդպես եղավ նաեւ «էլեկտրիկ Երեւանի» դեպքում, երբ Սերժ Սարգսյանը նորից «խառնվեց», ու հարցին միջանկյալ լուծում տրվեց։
Հիմա Նիկոլ Փաշինյանն է նույն կերպ վարվում։
Այնինչ իշխանությունները կարող էին լիցենզավորման գործընթացն այնպես կազմակերպել, որ այն դժգոհությունների տեղիք չտար։ Ի վերջո դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս կարող է 20 լիցենզավորման կետը 400 հազար մեքենա սպասարկել։ Ամենապարզ հաշվարկներով տարեսկզբից՝ լիցենզավորման գործընթացի մեկնարկից ի վեր, եթե անգամ այդ կայաններն աշխատեին առանց հանգստյան օրերի, 24 ժամ շարունակ, ժամանակը չէր բավականացնի մինչեւ օգոստոսի 1-ը բոլոր մեքենաները ստուգելու եւ դրանց վկայագիր տալու համար։ Այնպես որ կարելի էր ի սկզբանե պայմաններ ստեղծել գործընթացի պատշաճ իրականացման համար եւ հետո միայն պարտադրել այն քաղաքացիներին։
Թեեւ գործող իշխանությունների դեպքում նման գործելաոճը միանգամայն բնական է. նրանք միշտ էլ ամեն ինչ անում են «կիսատ-պռատ», ընդամենը սիրողական մակարդակով, չխորանալով խնդրի մանրամասների մեջ։
Թերեւս գազաբալոնների վկայագրումն այլընտրանք չունի. ԱԻՆ-ի տվյալներով 2016-ին եւ 2017-ին հանրապետությունում գազաբալոնի 3-ական պայթյուն է եղել՝ 1-ական զոհով եւ 3-ական տուժածով: 2018-ին կրկին 3 դեպք է եղել, բարեբախտաբար առանց զոհերի: 2019-ին պայթյունի 1 դեպք է գրանցվել, 2020-ին՝ 2, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ: 2021 թվականին էլ 4 պայթյուն է եղել, վիրավորվել է 7 մարդ։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: