Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարությունները թյուրքական պետությունների համագործակցության խորացման շրջանակում պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն օգտագործելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։
Ուզբեկստանի արտգործնախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովը հայտնել է, որ նպատակ ունի ամուր հիմք դնելու թյուրքական պետությունների միջեւ գործնական համագործակցության հետագա խորացման համար»:
Երեք երկրների արտաքին գործերի, էկոնոմիկայի, առեւտրի եւ տրանսպորտի նախարարների՝ Տաշքենդում տեղի ունեցած առաջին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ապահովել այդ միջոցառման բարձր արդյունավետությունը։
Կողմերը մտադիր են խորացնել փոխգործակցությունն արդյունաբերական կոոպերացիայի, թվային տնտեսության եւ առեւտրի ոլորտներում:
Այդ նպատակով նախատեսվում է ակտիվորեն օգտագործել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու բոլոր հնարավորությունները, ներառյալ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջազգային նավահանգիստները, ինչպես նաեւ «Հյուսիս-հարավ» եւ «Արեւելք-արեւմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքները:
Նորովն ավելացրել է, որ կողմերը նաեւ կարեւորել են Ուզբեկստանի նախաձեռնությունը Թերմեզ-Մազարի Շարիֆ-Քաբուլ-Փեշավար ռազմավարական երկաթուղային գծի կառուցման հարցում եւ աջակցություն հայտնել Ուզբեկստան-Ղրղզստան-Չինաստան երկաթուղու կառուցման նախագծին:
Միջոցառման ընթացքում ստորագրվել է Տաշքենդյան հռչակագիրը, որում սահմանվել են հանդիպման մասնակիցների հիմնական առաջնահերթությունները մոտ ապագայում:
Տեղեկանք
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվել է 2017-ի հոկտեմբերին՝ ադրբեջանա-վրաց-թուրքական միջպետական համաձայնագրով։
Մասնակիցների գնահատմամբ՝ սկզբնական փուլում բեռնափոխադրումների ծավալը պետք է լիներ մոտ 6,5 միլիոն տոննա, տեղափոխվեր մինչեւ 1 միլիոն ուղեւոր: 2020-ի հունվարին այդ տրանսպորտային միջանցքով գործարկվել են Ուզբեկստանի տարածքով Վրաստան բեռնափոխադրումները։