ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, որ, արձագանքելով ԱԺ կին պատգամավորների նամակին եւ անձամբ Միրզոյանի խնդրանքին՝ Մարալ Նաջարյանի գործում միջնորդի դեր է ստանձնել եւ նպաստել նրան ադրբեջանական գերությունից ազատելուն:
ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ գործընկերների հետ համատեղ ջանքերը կօգնեն օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված անձանց։
Ըստ Լիբանանի ազգային գործակալության՝ Լիբանանի արտաքին գործերի եւ արտագաղթյալների նախարար Շարբել Վեհբեն լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատ արձակման ուղղությամբ ջանքեր ներդնելու համար երախտագիտություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությանը, Ադրբեջանին եւ Հայաստանին:
Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Լիբանանի ԱԳՆ-ի հետեւողական աշխատանքի շնորհիվ ադրբեջանցիների կողմից նախորդ տարվա նոյեմբերի 10-ին գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը 4 ամիս անց ազատ է արձակվել եւ այժմ Լիբանանում է։ Սակայն նրա ամուսինը դեռեւս պահվում է Բաքվում: