Օգոստոսի 1-ից գազաբալոնների ստուգումն ու վկայագրումը պարտադիր են: Դրանք չեն լիցքավորվի, եթե արտոնագրված կազմակերպությունը չի տեղադրել կամ վկայագրել: Հայաստանում ոչ պաշտոնական տվյալով գազով աշխատող մոտ 450 հազար մեքենա կա:
Ըստ «Առաջինի լրատվական ալիքի»՝ այս ընթացքում մոտ 61 հազար քաղաքացի է հասցրել վկայական ստանալ: Երեւանում եւ մարզերում գազաբալոնների վկայագրման լիցենզավորված 30 մասնավոր ընկերություն կա: Դրանցից 18-ը Երեւանում է, 12-ը՝ մարզերում:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշել է, որ ՀՀ-ում այս պահին մոտ 400 գազալցակայան կա, որոնք աստիճանաբար կմիանան համակարգին եւ տեղում պետհամարանիշով կստուգեն՝ մեքենան վկայագրում անցե՞լ է, թե՞ հերթում սպասում է:
«Քանի որ գազաբալոնների շահագործման առավելագույն ժամկետը 10-15 տարի է, ստուգումից հետո, օրենքի համաձայն, ժամկետանց բալոնները պետք է խոտանվեն»,- նշել է Սիմոնյանը։
Նա հայտնել է, որ գազաբալոնի վկայագրման կայանը, երբ հայտնաբերում է այդպիսի երեւույթ, պետք է խոտանի այդ գազաբալոնը՝ վերադարձնելով այն սեփականատիրոջը, եւ այդպիսի գազաբալոնով մեքենան շահագործել այլեւս հնարավոր չէ:
Արմեն Սիմոնյանը հիշեցրել է՝ հերթագրումն անվճար է, եւ գումար պետք է վճարել բացառապես ստուգաչափման ծառայությունների համար: Փոխնախարարը հավելել է, որ եթե տեսչական մարմինը ստուգի ու պարզի, որ չվկայագրված մեքենա է լիցքավորվել, ապա 200 հազար դրամով կտուգանվի ոչ թե վարորդը, այլ տնտեսվարողը: