ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին եւ Հայաստանին սահմանագծման եւ սահմանազատման հարցերում։ Նա հավելել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է ադրբեջանցի եւ հայ ընկերներին ընդունելու իր տարածքում։
«Համոզված ենք, որ մեր երկրի եզակի պրոֆեսիոնալ հնարավորությունները, սահմանագծման եւ սահմանազատման հարցերում մեր երկրի իրավասությունները հետխորհրդային տարածքում ի վիճակի են էապես ամրապնդելու անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին եւ ամբողջ տարածաշրջանում»,- ընդգծել է Զախարովան։
Նա ասել է, որ Ռուսաստանը ակտիվ ներդրում է կատարում «հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը» նախապատրաստելու գործում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գծով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ շփման կետեր գտնելու, խաղաղ համաձայնագրի փոխադարձ ընդունելի բազային սկզբունքներին հասնելու համար։
Ըստ Զախարովայի՝ այս կամ այն միջոցառումն անցկացնելու կոնկրետ ժամկետները պետք է որոշեն Բաքուն եւ Երեւանը։ «Մեր կողմից եւս կտեղեկացնենք, երբ նրանք ընդունեն այդ որոշումը»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։