ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ղեկավարած պատվիրակությունը, հակառակ չինական նախազգուշացումներին, որ այցն անհետեւանք չի մնա, օգոստոսի 2-ի երեկոյան ժամանել է Թայվան։ Սա ԱՄՆ բարձրաստիճան քաղաքական գործչի առաջին այցն է կղզի վերջին 25 տարվա ընթացքում:
Կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ հանդիպմանը Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ը հպարտանում է Թայվանի հետ ամուր բարեկամությամբ եւ չի հրաժարվի կղզուն աջակցելու իր հանձնառությունից։ China Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թայվանի ղեկավարությունը փորձել է չեղարկել Փելոսիի այցը, երբ կղզու շուրջն իրավիճակը սրվել է։
Նենսի Փելոսիի ինքնաթիռի վայրէջքից առաջ Չինաստանը քաղաքացիական ինքնաթիռների համար փակել էր Թայվանի նեղուցի գոտին: Ավելի ուշ Պեկինը հայտարարել է ափի երկայնքով եւ Թայվանի շուրջը վեց շրջաններում մարտական հրաձգություններով եւ հրթիների արձակումներով մի ամբողջ շարք ընդգրկուն ռազմական վարժանքներ սկսելու մասին։
Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է
Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Փելոսիի այցը Թայվան եւ որակել «քաղաքական սադրանք եւ ոտնձգություն Չինաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ», ինչը վնասելու է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը:
«Փելոսիի այցը Թայվան միասնական Չինաստանի սկզբունքի եւ չինա-ամերիկյան համատեղ երեք կոմյունիկեների դրույթների կոպիտ խախտում է, ինչը խարխլում է չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը: ԱՄՆ Կոնգրեսը՝ որպես այդ երկրի իշխանության մաս, պետք է դադարեցնի բոլոր պաշտոնական շփումները Թայփեյի հետ»,- ասված է հայտարարության մեջ: Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ Վաշինգտոնը Թայվանը դիտարկում է որպես Չինաստանին զսպելու միջոց, ինչը որակվել է որպես չափազանց վտանգավոր արկածախնդրություն:
«Որպես խոշոր գերտերություններ՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները պետք է հենվեն փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության, հակամարտությունից խուսափելու եւ փոխադարձ շահավետ համագործակցության վրա: Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, ինչի մասին որեւէ այլ երկիր դատելու իրավունք չունի»,- ասված է հայտարարության մեջ:
Չինաստանի հետ լարվածության սրման պատճառ չկա. Սպիտակ տուն
ԱՄՆ վարչակազմը, որին ՉԺՀ-ի նախագահը նախազգուշացրել է, որ կրակի հետ խաղացողը կարող է այրվել, Պեկինին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը «Մեկ Չինաստան» քաղաքականությունից չի հրաժարվում, բայց Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակը որոշումներ է ընդունում ինքնուրույն:
ՉԺՀ-ն կղզին համարում է իր նահանգը եւ միշտ դեմ է հանդես գալիս Թայվանի ներկայացուցիչների հետ հատկապես այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամ զինվորականների հետ հանդիպումներին, որոնց հետ Պեկինն ունի դիվանագիտական հարաբերություններ:
Աշխարհը ՝ ժողովրդավարության եւ բռնապետության միջեւ ընտրության առաջ
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Նենսի Փելոսիի՝ Թայվան ժամանելու պատճառով ԱՄՆ-ը Չինաստանի հետ լարվածության սրման որեւէ պատճառ չի տեսնում: Ըստ նրա՝ ամերիկացի պաշտոնյայի այցը Թայվան Պեկինը չպետք է օգտագործի որպես լարվածության աճի հանգեցնող գործողությունների առիթ:
Նենսի Փելոսին եւս հայտարարել է, որ իր այցը Թայվան չի հակասում Վաշինգտոնի վարած «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը: «Ամերիկայի համերաշխությունը Թայվանի 23 միլիոն ժողովրդին կարեւոր է առավել, քան երբեւէ, հատկապես այսօր, երբ աշխարհը կանգնած է ժողովրդավարության եւ բռնապետության միջեւ ընտրության առաջ»,- ընդգծել է Փելոսին։