ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթեւեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ:
Հայսատանի ԱԽ քարտուղարը հիշեցրել է եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծմանն ու գործունեությանն առնչվող հարցերի շրջանակը:
«Կողմերի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»,- եռակողմ հայտարարության համապատասխան հատվածը մեջբերել է Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը սկսում է Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները, շինարարությունն արդեն սկսվել է, բայց եռակողմ հայտարարության մեջ նշվում է նոր երթուղու կառուցման ծրագրի մասին: Գրիգորյանը շեշտել է, որ նման համաձայնեցված ծրագիր գոյություն չունի:
«Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձեւաչափով համաձայնեցնել եւ ստորագրել պլանը եւ համաձայնեցված ժամանակացույցով եւ ճանապարհային քարտեզով գնալ առաջ: Դա այն է, ինչ նախատեսված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը: