Ռուսաստանի ԱԳՆ արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը հայտարարել է, որ Արեւմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել է: Նա համոզմունք է հայտնել, որ եկել է պատրանքներից ձերբազատվելու ժամանակը եւ հասկանալու, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու:
«Անկախ հատուկ ռազմական գործողության տեւողությունից ու ելքից՝ արդեն այժմ կարելի է արձանագրել, որ Արեւմուտքի հետ ընդհանուր առմամբ կառուցողական, թեեւ ոչ առանց խնդիրների երեսնամյա դարաշրջանն անշրջելիորեն ավարտվել է»,- ընդգծել է Դրոբինինը:
«Պատմության դասերը եւ ապագայի պատկերը. մտորումներ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին» իր հոդվածում դիվանագետը նշել է, որ ներկայում ՌԴ-ի համար հնարավորություն է ստեղծվել վերջնականապես ձերբազատվելու պատրանքներից եւ դուրս գալու բարեկամական կլանման պարադիգմայի շրջանակներից:
«Ռուսաստանը մտել է ԱՄՆ գլխավորությամբ ոչ բարեկամական պետությունների ագրեսիվ դաշինքի հետ հակամարտության սուր փուլ: Հակառակորդի նպատակն է մեր երկիրը ռազմավարական պարտության մատնել եւ վերացնել որպես աշխարհաքաղաքական մրցակցի»,- եզրափակել է ռուս դիվանագետը: