Արցախի պաշտպանության բանակը հայտնել է, որ օգոստոսի 3-ին՝ 09։00-ից, ադրբեջանական ստորաբաժանումները կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետներ եւ ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով վիրավորվել է 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ խաղաղապահ առաքելություն կատարող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Հրադադարի ռեժիմի խախտումից րոպեներ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Լաչինի մերձակայքում օգոստոսի 3-ի առավոտյան տեղի ունեցած միջադեպը, որի հետեւանքով, ըստ պաշտոնական Բաքվի, ադրբեջանցի զինծառայող էր զոհվել։
«Օգոստոսի 3-ին տեղի ունեցած արյունալի միջադեպը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կոպտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաեւ խաթարում է երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Դա նաեւ վկայում է միջնորդների նկատմամբ Հայաստանի որդեգրած անհարգալից վերաբերմունքի մասին»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը մինչ օրս դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները հարեւան պետության տարածքից»,- նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ հետագայում եւս «բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու համար»:
Հայկական կողմը Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը դեռ չի արձագանքել։