ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում նկատվում է իրավիճակի սրացում՝ հավելելով, որ Սարիբաբա բարձունքի շրջանում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
Սարիբաբա բարձունքը Եղցահող գյուղի մոտ է, որտեղ այսօր բնակիչները լսել էին կրակոցները։ Արցախի Եղցահող գյուղի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում պատմել են, որ երեք օր է՝ իրավիճակը լարված է, շփման գիծը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է, եւ կրակոցները պարզ լսելի են գյուղում:
Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության՝ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ քայլեր է ձեռնարկում՝ կայունացնելու իրավիճակը։
Որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման առումով. Արցախի նախագահ
Մասնավորապես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում քննարկելով Արցախում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը, հայտնել է, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ ե՛ւ ռազմական իրադրության, ե՛ւ Բերձորի միջանցքի առումով:
Հարությունյանը «սադրանք» է որակել ադրբեջանական կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` հավելելով, որ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր:
Հարությունյանը նշել է նաեւ, որ ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների հետեւանքով շփման գծի տարբեր ուղղություններում ստեղծվել է խիստ լարված իրավիճակ։ Բացի դրանից՝ քաղաքացիական պաշտպանության համակարգը բարձր պաշտպանական ռեժիմի է անցել։