ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ օգոստոսի 3-ին տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով եւ կոչ է անում թուլացնելու լարվածությունը։
«ԱՄՆ-ը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում բախումների մասին լուրերից եւ ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղի շրջանում ինտենսիվ մարտերի, ինչպես նաեւ վիրավորների եւ զոհերի մասին տեղեկատվությանը։ Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու եւ էսկալացիան կանխելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Եվրամիությունն է Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ արել Լաչինի միջանցքի եւ շփման գծի այլ հատվածներում դադարեցնելու ռազմական գործողությունները եւ վերադառնալու բանակցությունների։
«Ցավոք, այդ բախումներն արդեն հանգեցրել են զոհերի եւ վիրավորների։ Շատ կարեւոր է հասնել իրավիճակի ապաէսկալացիայի, պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը՝ համաձայնեցված լուծումներ գտնելու համար»,- ասված է ԵՄ հայտարարությունում։
Նշվում է նաեւ, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության ապահովման գործում լարվածության հաղթահարմանն աջակցելու գործին:
Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ուշ երեկոյան հայտնել էր, որ Արցախում շփման գծի լարվածության հետեւանքով վիրավոր զինծառայողների թիվը հասել է 19-ի, նրանցից 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, վիրավորներից մեկինը՝ ծայրահեղ ծանր:
Ըստ նախարարի՝ մյուս վիրավորների վիճակը թեթեւ եւ միջին ծանրության է: Վիրավորների մի մասը տեղափոխվել է Երեւան:
Վիրավորումներն, ըստ Արցախի առողջապահության նախարարի, հիմնականում բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետեւանք: