Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայում եւ վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում մրցել է Հնդկաստանի երկրորդ հավաքականի հետ, որի հետ 5-րդ տուրից հետո կիսում էր առաջին հորիզոնականը, եւ հաղթել է 2,5:1,5 հաշվով:
Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել է:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարի (4:0), Անդորրայի (3:1), Եգիպտոսի (2,5:1,5), Ավստրիայի (3:1) եւ Անգլիայի (2,5:1,5) հավաքականներին:
Հայաստանի կանանց հավաքականը նախորդ տուրերում պարտության էր մատնել Բոթսվանային (4:0), Նորվեգիային (4:0), Իռլանդիային (4:0), Ինդոնեզիային (3:1), պարտվել էր միայն Էստոնիային (1,5:2,5) :
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում մրցել է Անգլիայի հավաքականի հետ եւ առավելության հասել 3,5-0,5 հաշվով: Հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի:
Նախորդ 5 տուրերում ազգային թիմը 4 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա, Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա) եւ զիջել էր Էստոնիային:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է 11 տուրով հուլիսի 29-ից եւ կավարտվի օգոստոսի 10-ին: