«Կարծում եմ՝ էս պատերազմի առանձնահատկությունն այն էր, որ մենք թշնամուն չէինք տեսնում, մեր գրեթե 90 տոկոսը թուրքի հետ դեմ հանդիման չի եղել․ սա զինտեխնիկայի կռիվ էր»,- ասում է 2020-ի քառասունչորսօրյա պատերազմի մասնակից քսանմեկամյա Մանվել Հարությունյանը։
Երեւանից է. երբ ծանուցագիրը ստացել է, ծնողները նորմալ են ընդունել, որովհետեւ գիտեին, որ այլ տարբերակ չկա։ Սեպտեմբերի 29-ին է գնացել ռազմի դաշտ։ Կռվել է Մարտունիում։ Այժմ Երեւանի «Հյուսիսային համալսարան»-ի 5-րդ կուրսում է սովորում, տնտեսագիտության բաժնում։
Դիրքեր սնունդ տանելիս Մանվելը հաճախ է հայտնվել թշնամու կրակի տակ։ «Կոնկրետ մի տեղում գտնվելն էդքան վտանգավոր չէր, որքան մեքենայով գնալ-գալը, որովհետեւ միանգամից նկատում ու կրակում էին։ Մի անգամ հազիվ ենք մահից փրկվել։ Ճանապարհին մեր ուղղությամբ կրակում էին, մեքենայից իջանք, մի հինգ կիլոմետր ոտքով գնացինք, բլինդաժում թաքնվեցինք, երեկոյան միայն կարողացանք դուրս գալ ու գնալ»,- պատմում է Մանվելը։ Հիշում է, որ միակ բանը, ինչի մասին մտածում էր, ողջ մնալն ու հարազատների մոտ վերադառնալն էր։ Նախկինում երբեք պատերազմի իրական դժվարությունները չէր պատկերացրել, ու հնարավոր էլ չէ պատկերացնել, եթե ինքդ չես մասնակցում դրան։
Մանվելին ու նրա զինակից ընկերներին պատերազմի ընթացքում ամեն ինչով ապահովել են, իհարկե, այնքանով, որքանով դա հնարավոր է պատերազմական պայմաններում։ «Սննդի պակաս երբեք չենք ունեցել, ուսապարկեր, քնապարկեր ու զրահաբաճկոններ էլ ենք ունեցել։ Երբ ցրտեց, բոլորիս տաք բաճկոններ էլ տվեցին, իհարկե, նոփ-նոր չէին, բայց գոնե չէինք մրսում։ Զինտեխնիկայից էլ ինչ ունեին, տալիս էին։ Դե, թշնամու հետ համեմատելու չէր, բայց ամեն դեպքում եղածը տալիս էին»։
Մանվելը չի հավատում, երբ ասում են, թե պատերազմից վերադառնալուց հետո զիվորական գույքը հետ են ուզել, իսկ դրանց չլինելու դեպքում գումար են պահանջել։ «Իմ շրջապատում շատ մարդիկ կան, որ մասնակցել են այս պատերազմին, այնտեղ էլ շատերի հետ ընկերացել եմ ու հիմա կապ ունեմ նրանց հետ, ոչ մեկի հետ այդպիսի դեպք չի եղել։ Գուցե կան մարդիկ, որոնք խաբեյությամբ են զբաղվում ու ուզում են դրամ շորթել, ա՛յ դա չգիտեմ»,- ասում է Մանվելը։
Մանվելն ասում է նաեւ, որ այս պատերազմի ընթացքում թիկունքը շատ ուժեղ ու համախմբված էր, արկղերն ու նամակներն էլ, որ ուղարկում էին, շատ ոգեւորիչ էին․ արդեն բոլորը գիտեին այդ նամակների մասին ու սպասում էին։ Մանվելն էլ է մի գրություն ստացել։
Նրա կարծիքով պատերազմը դադարեցնելը ճիշտ որոշում էր, քանի որ կռվելու ուժ է՛լ չկար․ զենքերը սպառվում էին, շատերն էլ փախչում էին։ Ասում է՝ նույնիսկ դադարեցրել էին մարդկանց մի քանի օրով տուն ուղարկել, քանի որ տուն գնալուց հետո ոմանք չէին վերադառնում։
Ինչ վերաբերում է մեր պարտությանը, Մանվելը մտածում է, որ մենք ոչինչ չէինք արել հաղթելու համար՝ թե՛ սպառազինության, թե՛ պրոֆեսիոնալիզմի, թե՛ ռազմական դաստիարակության եւ թե՛ հոգեբանական տեսանկյուններից։
Պատերազմն ազդել է նաեւ Մանվելի աշխարհայացքի վրա․ սկսել է կյանքն ավելի գնահատել, քանի որ գիտակցում է՝ այն ամեն պահի կարող է ընդհատվել։
Ի տարբերություն շատերի՝ Մանվելը կարծում է, որ մեզ նոր պատերազմ չի սպասում, բայց եթե լինի, պատրաստ է էլի գնալու ու կռվելու։