Հնարավո՞ր էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին կանխարգելել պատերազմը։ Այո՛։ Ինչպե՞ս։ Քաղաքական մեկ հայտարարությամբ. «Հայաստանը հենց այսօր պատրաստ է վերսկսելու բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով եւ քննարկելու սեղանին այս պահին առկա առաջարկները»։
Սեղանին, եթե չեմ սխալվում, այդ պահին դրված էր Ռուսաստանի առաջարկը կամ, այսպես կոչված, Լավրովի պլանը, եւ դա, ամեն ինչից բացի, կնկատվեր նաեւ Ռուսաստանի առանձնաշնորհն ընդգծելու ժեստ։
Ինչո՞ւ չարվեց։ Պարզ պատճառով։
2018-ի խժդժություններով եւ երրորդ նախագահի հմտորեն ծլկելու շնորհիվ իշխանության եկած անձը (շրջապատով-բանով) պարզապես հաղթանակի մեռած էր։ Ուրիշ պատճառ չկար։
Ի՞նչ էր մտածում նա (շրջապատով-բանով)։ Մտածում էր մի քանի բան.
ա) եթե 90-ականների սկզբին հաջողվել է, հիմա ինչո՞ւ չպետք է հաջողվի, չէ՞ որ մենք մե՛ր հողի համար ենք կռվում, մեր ոգին անկոտրում է, իսկ վերջին քսան տարվա քարոզչությամբ դարձել է ավելի անկոտրում (փորձարկումը տավուշյան ավանտյուրան էր),
բ) Հայաստանը վերջապես (վեր-ջա-պե՜ս) ժողովրդավարություն է ձեռք բերել, եւ հավաքական Արեւմուտքը պետք է աղոթի ու մոմ վառի Հայաստանի հաղթանակի համար,
գ) սա Արցախի պատերազմը չէ, սա պատերազմ է Հայաստանի անկախության համար (անկոտրում ոգով, հավաքական Արեւմուտքի աջակցությամբ հաղթում ենք եւ Հայաստանը դուրս բերում Ռուսաստանի նվաստացնող ազդեցությունից),
դ) եթե մենք հաղթած + անկախ + ժողովրդավար + զերծ լինենք Ռուսաստանի ազդեցությունից, Արցախի հարցն ինքնին լուծվելիք է։
Սա բնավ ենթադրություն չէ։ Եթե ընթերցողը չզլանա եւ ուսումնասիրի պատերազմի 44 օրվա ֆեյսբուքյան գրառումները (հիգիենիկ նկատառումներով օգտատերերի անուններ չեմ նշում), կհասկանա, որ մեր պարտությունը հասունացել է ա՛յս մտքերի գաղափարաբանական նվագակցությամբ։
Հաղթանակն այդ անձին (շրջապատով-բանով) անհրաժեշտ էր օդ ու ջրի պես։ Նա պետք է հաղթեր եւ պատմությունից դուրս թողներ այն փառքը, որին անմասն էր ինքը, թեեւ որպես ալիբի ուներ տարիքն ու բանակից խուսափելու ինչ-որ փաստաթուղթ։ «Պարտվել» բայից նա խլշկոտում էր այնպես, որ անհեթեթության թույլատրելի նորման գերազանցելով՝ հայտարարում էր. «Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»։
Նա չգիտեր եւ մինչ օրս էլ չի հասկացել, որ ամբողջ մի ազգի, պետության հաղթանակն ու պարտությունը ճանաչում են ոչ թե առանձին անձինք (ասենք՝ ինքը), այլ հարեւանները, բարեկամները, թշնամիներն ու դաշնակիցները։ Ճանաչում են ոչ թե լավդ ուզելով, վատդ ցանկանալով, ընտրություններիդ արդյունքն ի գիտություն ընդունելով, անկոտրում ոգու մասին քրեստոմատիկ տեղեկություններից ելնելով, այլ իրական արդյունքով։
Այսօր երկիրը ղեկավարող անձը, ըստ խոստման, պատերազմում կրած պարտությունը չի ճանաչում, բայց չի կարող չճանաչել ի՛ր փայփայած երազանքի պարտությունը. անկոտրում ոգին կոտրվել է (հուսամ՝ ոչ մեկընդմիշտ), ժողովրդավարությունը դարձել է շիրպոտրեբ բրելոկ, անկախությունն իջեցվել է նվազագույն մակարդակի, մեծացել է Ռուսաստանի ազդեցությունը (ռուսական դպրոցներ բացելու բացահայտ պահանջ), Արցախի հարցի լուծումը դուրս է եկել մեր կամքից եւ կոմպետենցիայից, ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե գրեթե լուծարվել է։
Այս պայմաններում բնական ու բացատրելի է, որ անցյալի պատերազմն ու հաղթանակը ոմանց թվան արգահատելի, եւ ինչ-որ մուրազով նրանք փորձեն կերտել երազված ու չիրականացած հաղթանակի այլընտրանքը՝ խաղաղության դարաշրջանը, որն, ինչպես ցույց են տալիս թարմ դեպքերը, նույնպես չի ճանաչվում, չի էլ ճանաչվելու։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։