Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են Հռոմ՝ տեսնելու Կոլիզեումը, Տրեւիի շատրվանը, ինչպես նաեւ խաղողի հնագույն թմբային լանդշաֆտը:
Հռոմը հիմնադրվել է Քրիստոսից առաջ 753 թվականին, Երեւանը՝ 782-ին։ Այսինքն՝ Երեւանը 29 տարով հին է Հռոմից, խաղողի թմբային լանդշաֆտն էլ հենց մեր քաղաքում է՝ Դալմայի այգիներում, որոնց ստեղծումը թվագրված է Վանի թագավորության արքա Ռուսա Բ-ի գահակալության շրջանին։
Հայտնի է, որ դեռեւս հնագույն ժամանակներից Դալմայի այգիները եղել են պտղատու։ Այնտեղ մշակվել է հազարից ավելի տեսակի խաղող, որից մեծ քանակությամբ գինի են պատրաստել։ Դալմայի այգու մասին առաջին անգամ հիշատակվում է Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունում, որը տեղադրված է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարեւանությամբ։
Ռուսա Բ-ն անիծում է նրան, ով կվնասի արձանագրությունը: Գուցե հենց այդ անեծքն է սկսել գործել, ինչի հետեւանքով էլ այսօր ոչնչացման եզրին է 18-րդ դարից մեզ հասած պատմական ժառանգությունը՝ Դալմայի այգում հայտնաբերված գինու հնձանները, որոնք պատմամշակութային անգնահատելի արժեք են։
Այդ հնձանները ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանը համարում է երեւանյան կոլորիտի մաս: Նա մեզ ներկայացրեց նաեւ դրանց եռաչափ վերակազմությունը:
Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ Դալմայի այգիներում եւ Կարմիր բլուր 7-րդ դարի ամրոցի պեղումներից հայտնաբերված խաղողի մնացորդների տեսակը նույնն է: Այսինքն՝ խաղողի հենց այդ տեսակն է ապահովել ուրարտական արքաների գինու շտեմարանները:
«Դալմայի այգու հնձանները կարելի է համեմատել թե՛ Օպերայի, թե՛ Կասկադի հետ, որովհետեւ դրանք ոչ պակաս կարեւոր մշակութային արժեք են: Այժմ, երբ տարածված են գաստրոտուրերը, արդյունավետ կլիներ սրանց շահագործումը»,- ասում է Սարգսյանը:
Նա կարծում է, որ հնձանները կարելի է վերամշակել երկու տարբերակով: Առաջին տարբերակով պետք է վերականգնել դրանց նախնական տեսքը: Այժմ հնձանները փլված են, անխնամ: Բարեկարգման աշխատանքներից հետո դրանք նաեւ կծառայեն տեղի այգեգործներին ու կդառնան հետաքրքիր զբոսավայր:
Ըստ երկրորդ տարբերակի՝ հնձանը կպահպանվի անփոփոխ: Այսինքն՝ միայն մաքրելու կարիք կլինի:
«Ամենաճիշտը կլինի հնձանները վերագործարկելը, որովհետեւ մարդկանց հետաքրքիր է, երբ պատմությունը ոչ միայն հուշարձան է, այլեւ կենդանի է»,- ասում է Սարգսյանը:
Հնձաններն այժմ մատնված են անուշադրության, կարելի է ասել՝ ոչնչացման եզրին են: Դրանք շրջապատված են շինարարական աղբի ահռելի կույտերով: Շատ հաճախ կառուցապատողներն, անտեղյակ լինելով, վնասում կամ իսպառ վերացնում են դրանք:
Հնձանների թեման արդիական դարձավ դեռեւս 2019 թվականին, երբ «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը սոցիալական ցանցերում ահազանգեց, որ Մոնթե Մելքոնյան մայրուղուն հարող տարածքում հնձանները ծանր տեխնիկայով քանդվում են։ Նույն օրը՝ նոյեմբերի 15-ի երեկոյան, ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը, գնալով ահազանգի հետքերով, տեսանկարահանել էր արդեն քանդված հնձանը։
«Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը կարծում է, որ այս ամենը Դալմայի այգիների հանդեպ հանրության անտարբերության հետեւանքն է: Այգիների անխնա կառուցապատման պատճառով Երեւանը զրկվել է թթվածին ապահովող հսկայական տարածքներից:
«Դալմայի այգիները Երեւանի թոքերն են, եւ կառուցապատման միջոցով դրանց անխղճաբար ոչնչացումը չի կարող անհետեւանք մնալ: Դա անպայման իր վնասակար ազդեցությունը կունենա շրջակա միջավայրի եւ Երեւանի բնակչության առողջության վրա: Եթե ներկա սերունդն անտարբեր ու անտեղյակ է, հետագա սերունդներն ինչպե՞ս պետք է այդ մասին իմանան»,- ցավով ասում է նա ու հավելում, որ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել այդ հսկա տարածքի կենսաբազմազանության նկատմամբ: Այս տարածքը դարերով եղել է տարատեսակ կենդանիների բնակավայր: Հիմա նրանց կացատեղ են դարձել շենքերը, փողոցներն ու մայրուղիները:
Դալմայի հնձաններն առաջին անգամ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հավաստվել եւ քարտեզագրվել են։ Յուրաքանչյուր հուշարձանի համար պատրաստվել են առանձին օրտոֆոտոպլաններ եւ հանույթներ, որոնք պարունակում են թվային ճշգրիտ կոորդինատային տեղեկություններ եւ կարող են օգտագործվել ցանկացած GIS համակարգում։
Իսկ Google earth համակարգում դրանց որոնումը հեշտացնելու համար պատրաստվել են բարձր որակի պատկերայնության KMZ հղում ֆայլեր։