Շաբաթական մի քանի օր Քարագլխի գյուղամիջում անսովոր աղմուկ է լինում: Պարի փոքրիկ խմբակն աշխուժացրել է թե՛ այնտեղ հաճախող երեխաների, թե՛ նրանց տատիկ-պապիկների կյանքը: Փոքրիկները պարել են սովորում, գյուղացիներն էլ հավաքվում են տաղավարներում, քննարկում ջրի հերթը, ցրտահարության հետեւանքները, բերքի գներն ու, պատասխան չգտած, գնում տուն:
Երկու տարի է՝ խմբակը գործում է: Գայանե Ստեփանյանն է գյուղի 6-14 տարեկան 38 երեխաներին տարբեր պարեր սովորեցնում: Մասնագիտությամբ կենսաբան Գայանեն նաեւ Քարագլխի միջնակարգ դպրոցում է դասավանդում:
Երեխաները ոգեւորությամբ են հաճախում դասերին, միայն թե տարվա միայն մի քանի ամիսը կարող են պարապմունքներ անցկացվել:
Գյուղի մշակույթի կենտրոնի հին շենքը կիսաքանդ է, եւ ձմռան ամիսներին ցուրտ է: Սենյակի անկյունում դրված վառարանն ու կոտրված պատուհաններից փչող քամին այդպես էլ լեզու չեն գտել, խումբն ամեն տարվա հոկտեմբերից ստիպված փակվում է, հաջորդ ապրիլից՝ նորից բացվում: Երեխաներն իրենց բեմն օգտագործել չեն կարող, բայց խոստանում են մի օր մեծ բեմերում Քարագլուխը պատվով ներկայացնել:
Գյուղամիջում է ապրում նաեւ Վայոց ձորի ամենատարեց վետերանը՝ Ապեր Դանուղյանը: 97-ամյա պապը Քարագլխի հպարտությունն է, գյուղ մտնող ամեն անծանոթի պատմում են վետերանի մասին: Ինքն էլ պատմելուց լավ է: Ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է պատերազմի ի՛ր պատմությունը: Գրեթե մեկ դար ապրած Ապեր պապն իր երկարակեցության գաղտնիքը չի թաքցնում. ուղղակի պետք է բարի լինել ու տնից միայն լավ նպատակով դուրս գալ: Պապն ասում է՝ բոլոր երեխաներին ու թոռներին շատ է սիրում ու մեկնաբանում՝ ո՞ր մատը կտրես, որ չցավի. մի քիչ համոզելուց հետո խոստովանում է՝ Աշոտ անունով թոռն ամենասիրելին է:
Աշոտն ու կինը՝ Ալիսան են պապին խնամում: Ամռան ամիսներին գյուղում են լինում, ձմռանը՝ տեղափոխվում Եղեգնաձոր: Քարագլուխը սիրում են, բայց գյուղում երեխաների ապագան չեն պատկերացնում, աշխատանք էլ չկա: Ապեր պապն էլ սեզոնային կյանքին սովորել է, կարեւորը՝ ո՛չ գյուղից է կտրվում, ո՛չ ընտանիքից:
Գյուղամիջում հավաքվածները խուսափում են Քարագլխի խնդիրներից խոսելուց: Հին բնավորություն է, ասում են՝ բա որ գյուղապետը նեղանա: Հետո առանց հարցի անկեղծանում են՝ գյուղում աշխատանք չկա, բերքը դժվարությամբ են վաճառում, ցանքատարածություններ չունեն: «Քար ընկնի քարագլխեցու գլխին, հա՜, դժվար է, բայց դիմանում ենք»,- ասում է հավաքվածներից ամենահամարձակը:
Այս տարի բերքը վաճառելու խնդիրը սուր չէ. ոչ թե որ գնորդներ կան, այլ պարզապես բերքն է քիչ: Գյուղատնտեսական տարին լավը չի եղել, բերքի մեծ մասը ցրտահարվել է:
67-ամյա Վաչիկ Հարությունյանն ապրում է կնոջ հետ, հույսը չի կտրում՝ մասուր կհավաքեն, բերքի մնացած մասն էլ կփոխանակեն, ձմռան կարտոֆիլի, ալյուրի հարցը կլուծեն:
Անասնապահությամբ էլ սկսել են քիչ զբաղվել. ժամանակին մի քանի հազար խոշոր ու մանր եղջերավոր անասուն ունեցող գյուղում հիմա ընդամենը մի քանի հարյուր գլուխ է մնացել. եկամտաբեր չէ:
Խմելու ջրի խնդիրն է տարիների հնության: Բնակավայրի վարչական ղեկավար Մանվել Աբրահամյանն ասում է՝ ջրավազան պետք է կառուցվի. մրցույթն անցկացվել է, հաղթողն էլ կա: Հավանաբար այս ամիս պիտի սկսվի շինարարությունը, բայց ժամկետների մասին տեղեկություն չունեն: Տարածքը, որտեղ կառուցվելու է ջրավազանը, դժվարամատչելի է, աշխատանքները կարող են երկար ձգվել:
Աշխատանք չլինելու պատճառով օրեցօր դատարկվող գյուղը 44-օրյա պատերազմից հետո համալրվել է: 2000-ականներին Օհանյանների՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Փակահան գյուղում վերաբնակեցված ընտանիքը վերադարձել է Քարագլուխ:
Լյուդվիգ Օհանյանը հիշում է տարիների չարչարանքով ստեղծածն ու հեկտարներով տնկած դաշտերը, որոնց բերքն այդպես էլ չհասցրին հավաքել: Հետո էլ տեսանյութերում էին ադրբեջանցիներին իրենց այգիներում տեսել:
Հիմա 9 հոգանոց ընտանիքն ապրում է որդու տանը, որն էլ իր ընտանիքով վարձով բնակվելու է տեղափոխվել: Արցախում թողած տեխնիկայի, անշարժ գույքի փոխհատուցումներն ընտանիքը դեռ չի ստացել, հերթի մեջ են. երբ հերթը կհասնի՝ չգիտեն: Հիմա փորձում են հարմարվել նոր կյանքին, ապրել զրոյից:
Քարագլխում համակերպվել են մշտական խնդիրներին, դրանց մասին բարձրաձայնելու լավն ու վատը չեն տեսել, հիմա նախընտրում են առօրյա հոգսերով եւ համբերատար ապրել ու չմտածել, թե այլ կերպ կարող էր լինել:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: