ՌԴ ԱԳՆ–ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի տարածքում եւ շփման գծի այլ հատվածներում լարվածության աճի կապակցությամբ, ինչպես նաեւ խորին ցավակցություն հայտնում զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վստահեցրել է, որ ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը՝ տեղում իրավիճակը կայունացնելու համար։
Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է կատարվում բոլոր ուղիներով եւ բոլոր մակարդակներով, ներառյալ երկրի բարձրագույն ղեկավարությունը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է իր ադրբեջանցի եւ հայ գործընկերների հետ։
ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է անում ցուցաբերելու զսպվածություն եւ պահպանել հրադադարի ռեժիմը` միաժամանակ փաստելով, որ առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները եւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները։
«Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացվեն Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերություններում դրական օրակարգ ձեւավորելու վրա՝ առկա եռակողմ բանակցային ձեւաչափերի շրջանակներում»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։