Եվրոպական միությունը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել դադարեցնելու մարտական գործողություններն այն բանից հետո, երբ տեղի ունեցած մի քանի միջադեպերի հետեւանքով կողմերը կորուստներ են կրել:
Ըստ Euronews հեռուստակայանի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խնդիրն ակտիվորեն քննարկում է երկու երկրների ղեկավարների հետ: Նա արդեն զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ առաջիկայում խոսելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
«Նրա թիմը եւ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ եւ հորդորում են անհապաղ մեղմել կացությունը եւ առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում»,- ասել է Եվրոպական խորհրդի անանուն ներկայացուցիչը:
Ադրբեջանը հերքել է Հայաստանի ներկայացրած մեղադրանքները
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել եւ «կեղծավորություն» է անվանել 2020-ի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին Հայաստանի ԱԳՆ-ի ներկայացրած մեղադրանքը:
«Հղում անելով եռակողմ հայտարարության 6-րդ կետին՝ Ադրբեջանին դատապարտող Հայաստանի ԱԳՆ-ին տեղեկացնում ենք, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհի կառուցումը ամիսներ շարունակ իրականացվում է պայմանավորված երթուղով, եւ հայկական կողմը բավականաչափ տեղեկացված է դրան»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, որ «եթե հայկական կողմը շարունակի տարբեր պատրվակներով ձգձգել իր պարտավորությունների կատարումը, ապա դա ավելորդ անգամ կվկայի եռակողմ հայտարարության իրականացման վերաբերյալ Հայաստանի ապակառուցողական եւ քայքայիչ դիրքորոշման մասին»:
Բաքուն պնդում է, որ Ադրբեջանն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները եւ նույնը Հայաստանից է պահանջում: Ադրբեջանական կողմը նաեւ հայտարարել է, թե «Հայաստանը տակավին իր ապօրինի զորամիավորումները չի հեռացրել Ադրբեջանի տարածքից»:
«Ադրբեջանը միանգամայն օրինական ճանապարհով է պաշտպանում իր անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում: