Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրի՝ օգոստոսի 4-ի ընթացքում արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք Սարիբաբա եւ Բուզդուխ լեռների շրջաններում, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանում: ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունը հայտնել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումների երկու ներկայացուցիչ է զոհվել, տասնչորսը՝ վիրավորվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է նաեւ, որ ռուս խաղաղապահների հրամանատարության, հայկական եւ ադրբեջանական կողմերի համագործակցությամբ այդ միջադեպերը հարթվել են, շփման գծում խախտումներ չեն եղել:
ՌԴ ՊՆ հաղորդագրությունում հիշատակված չեն ո՛չ ադրբեջանական կողմից զինծառայողի զոհվելը, ո՛չ էլ իբր դրան ի պատասխան իրականացված «Հատուցում» գործողության արդյունքում բարձունքների գրավումը, ինչպես պնդում է Բաքուն: