Աշխարհի շատ երկրներում օգոստոսի 5-ին նշվում է Մեծ տեռորի զոհերի հիշատակի միջազգային օրը։
1937 թվականի այս օրը 00447 հրամանագրով սկսվեց «Նախկին կուլակներին, հանցավոր եւ այլ հակասովետական տարրերին բռնաճնշումների ենթարկելու» ծրագրված պատժիչ արշավը։ Ըստ հրամանագրի՝ երկրի ամեն հանրապետության, մարզի եւ շրջանի համար իջեցված էր «սահմանված քանակ»։
Հազարավոր մարդիկ պետք է մահապատժի ենթարկվեին, ճամբարներ ու բանտեր ուղարկվեին, արագ եւ մակերեսային հետաքննություն անցկացնելով՝ մարդկանց գնդակահարելու եւ դիակները գաղտնի թաղելու հրահանգ էր տրվել։ Զանգվածային սպանությունները պետական պլանի կատարման նման էին։
Օգոստոսի 5-ին սկսվեցին Մեծ տեռորի զանգվածային ձերբակալություններն ու մահապատիժները՝ ամսաթիվը դարձնելով ԽՍՀՄ նախկին հանրապետությունների պատմության մեջ կարեւորագույններից մեկը։
Թեեւ Մեծ տեռորը բավականին ուսումնասիրել են պատմաբանները, բայց չի կարելի ասել, որ դրա պատճառները, մեխանիզմներն ու հետեւանքները մարդկության համար լիովին հասկանալի են: Մեծ տեռորի որոշ փաստեր դեռեւս ուսումնասիրվում են, բայց հետեւանքները եւ ազդեցությունը հասկանալու ուղղությամբ աշխատանքն այսօր ամբողջությամբ դուրս է մնացել հասարակության ուշադրությունից:
Մինչդեռ 1937-1938 թվականների զանգվածային սպանությունների մասշտաբներն ու բնույթը ամենախոր հետքն են թողել աշխարհի պատմության մեջ եւ իմաստավորման կարիք ունեն:
Օգոստոսի 5-ը Հիշատակի օր սահմանվեց 1998 թվականին, երբ Վենիամին Իոֆեի եւ Յուրի Դմիտրիեւի որոնող արշավախմբերը Սանդարմոխի Կարելյան հատվածում բացահայտեցին գնդակահարման պոլիգոնը։ Այն Բելամորսկ-Բալթյան ճամբարի կենտրոնակայան Մեդվեժիե գորսկից 19 կմ հեռավորության վրա է:
Կազմակերպիչները Հիշատակի օրը հենց սկզբից անվանել են միջազգային։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. Սանդարմոխում թաղված է 56 ազգության առնվազն 6241 մարդ, ինչն այն դարձնում է միջազգային նշանակության հիշողության վայր եւ թույլ է տալիս Գուլագի պատմությունը դնել Հոլոքոստի եւ 20-րդ դարի համաշխարհային այլ ողբերգությունների կողքին։
Սանդարմոխի զոհերի ցանկն ու նրանց անձնական գործերը վկայում են, որ կատարվել է մարդկության դեմ ուղղված տոտալ հանցագործություն։ Սանդարմոխում հիշատակի առաջին արարողությունից հետո խորհրդային ողբերգության տարեթիվը սկսեց դիտարկվել համաշխարհային համատեքստում:
Օգոստոսի 5-ին հարյուրավոր մարդիկ, օտարերկրյա հետազոտողներ, վավերագրողներ, դեսպաններ եւ հյուպատոսներ բազմաթիվ երկրներից գալիս են հեռավոր Կարելիա՝ ծաղկապսակներ դնելու, հիշատակի արարողություններ անցկացնելու եւ տեղում սպանվածների անունները կարդալու։
Հուշահամալիրի բացումից ի վեր համայնքների նախաձեռնությամբ կանգնեցվել է 25 հուշարձան՝ նվիրված ազգային, կրոնական եւ դավանանքային տարբեր խմբերի. ուղղափառ պաշտամունքային խաչ, կաթոլիկ խաչ՝ մահապատժի ենթարկված լեհերի հիշատակին, հուշարձան՝ զոհված մահմեդականների հիշատակին, հուշարձաններ՝ նվիրված ուկրաինացիների, հրեաների, լիտվացիների, էստոնացիների, կարելացիների, չեչենների եւ ինգուշների, գերմանացիների, մոլդովացիների, թաթարների, ադրբեջանցիների, վրացիների, մարիների հիշատակին, փոքրիկ հուշատախտակ՝ նվիրված ֆիններին եւ այլն:
Հայերի հուշարձան դեռ չկա, բայց կան կոնկրետ մարդկանց մի քանի հուշատախտակներ, եւ ցանկացած ոք (պարտադիր չէ, որ ազգականը լինի) կարող է նման հուշատախտակ տեղադրել՝ ի հիշատակ Սանդարմոխում գնդակահարվածներից որեւէ մեկի (կարող եք դիմել այս հղումով):
Ազգային հիշողությունը Սանդարմոխում ոչ թե բաժանման, այլ ինքնության գիտակցման եւ այլ ժողովուրդների հետ միասնականության խորհուրդ ունի։ Սանդարմոխը երկխոսության տարածք է։
Օգոստոսի 5-ի հիշատակի արարողություններից եւ զոհերի անունները կարդալուց հետո մարդիկ այցելում են այլ ազգերին նվիրված հուշարձաններին՝ հարգանքի տուրք մատուցելով այստեղ թաղված բոլոր մարդկանց հիշատակին՝ անկախ ազգային եւ այլ տարբերություններից։ Նրանք բոլորը հանգչում են նույն հողում, դարձել են նույն հանցագործության զոհերը։ Նրանց հիշատակը պահպանելը, ինչպես նաեւ այս հանցագործության պատճառներն ու մեխանիզմները հասկանալը ամբողջ մարդկության ընդհանուր խնդիրն է։
2019 թվականից Սանդարմոխի զոհերի անունները սկսել են կարդալ շատ երկրներում։ Անցյալ տարի ընթերցել են ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Հունաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Հայաստանի եւ Վրաստանի 120 քաղաքներում, Ռուսաստանում՝ Վլադիվոստոկից մինչեւ Կալինինգրադ: Այսօր կրկին կհնչեն աշխարհով մեկ։
«Ալիք Մեդիայի»-ի ընթերցողներին առաջարկում ենք կարդալ 33 հայերի անունները (ցուցակը հրապարակվում է առաջին անգամ).
1. Այվազով Արշակ Սեմյոնի, 1904, Լենքորան, Ադրբեջան, ճարտարագետ։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 2-ին։
2. Այվազյան Արամայիս Մանուկի, 1897, Կամարիս, Հայաստան, վարսավիր։ Գնդակահարվել է 1937 թվականի դեկտեմբերի 3-ին։
3. Այվազյան Լեւոն Հակոբի, 1905, Հայաստան։ Գնդակահարվել է 1938 թվականի հունիսի 20-ին։
4. Առաքելով Սպիրիդոն Պողոսի, 1910, Թիֆլիս, կոշկակար։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 28-ին։
5. Բագրատունի Արտավազդ Արսենի, 1908, Լենինական, Հայաստան։ Գնդակահարվել է 1937 թվականի դեկտեմբերի 9-ին:
6. Բարխուդարով Անդրանիկ Ավագի, 1916, Բաքու։ Գնդակահարվել է 1938 թվականի հունվարի 21-ին։
7. Բարխուդարյան Թոմաս Օգանեսի, 1881, Հայաստան։ Գնդակահարվել է 1937 թվականի դեկտեմբերի 9-ին։
8. Վարդանով Վալենտին Գեորգիի, 1909, Մոզդոկ, քիմիկոս-տեխնիկ եւ լրագրող։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 2-ին։
9. Գալուստյան Իվան Իսահակի, 1912, Երեւան։ Գնդակահարվել է 1938 թվականի հունվարի 21-ին։
10. Գեւորգյան Հուսիկ Մարգարի, 1888, Թուրքիա, հաշվապահ։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 4-ին։
11. Գերագոսով Ռուբեն Նիկիտովիչ, 1910 թ. ծնվ. Մոզդոկ: Գնդակահարվել է 1937 թվականի հոկտեմբերի 27-ին;
12. Գրիգորյան Ենովք Սաֆարի, 1887, Ռինդ, Հայաստան։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 3-ին։
13. Դարչինյան Խաչատուր Ակոպի, 1899, Հայաստան։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 3-ին;
14. Ձամոեւ Գրիգորի Սերգեյի, 1885 , Թիֆլիս, իրավաբան։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 3-ին։
15. Եգիյանց Անդրանիկ Իսահակի, 1913, Ադրբեջան։ Գնդակահարվել է 1937 թվականի դեկտեմբերի 3-ին։
16. Իսաեւ Վիկտոր Մակարի, 1915, Շուշի։ Գնդակահարվել է 1937 թվականի սեպտեմբերի 10-ին։
17. Քալամքարով Զինովի Արտեմի, 1904, Վարշավա, գրասենյակային ծառայող։ Գնդակահարվել է 1937 թվականի հոկտեմբերի 27-ին։
18. Կարոնյան Կորսոն Հակոպի, 1903, Լենինական, երկրաբան։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 2-ին։
19. Կասպարով Միխայիլ Գրիգորիի, 1914, Պյատիգորսկ: Գնդակահարվել է 1938 թվականի մարտի 25-ին։
20. Հովիվյան Արմենուհի Սմբատի, 1891, Թիֆլիս, ճարտարագետ։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 4-ին։
21. Օսիպով Ալեքսանդր Միխայիլի, 1898, Բաքու։ Գնդակահարվել է 1937 թվականի սեպտեմբերի 26-ին։
22. Օսիպյան Կարլ Արկադիի, 1915, Թիֆլիս։ Գնդակահարվել է 1937 թվականի հոկտեմբերի 27-ին։
23. Պապայան Հայկ Գեղամի, 1901, Թիֆլիս, արեւելագետ։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 4-ին։
24. Պողոսյան Լեւոն Ղուկասի, 1905, Նախիջեւան, գրասենյակային ծառայող։ Գնդակահարվել է 1937 թվականի հոկտեմբերի 27-ին։
25. Սաղաթելով Ասատուր Խաչատուրի, 1899, Գյուլիստան, Ադրբեջան, Մոսկվայի «Союзоргучет» համամիութենական միավորման պլանավորման եւ ֆինանսական բաժնի վարիչ։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 4-ին։
26. Սարկիսով Համազասպ Կարապետի, 1915, Մակեեւկա, Ուկրաինա։ Գնդակահարվել է 1938 թվականի սեպտեմբերի 10-ին։
27. Ստեփանյանց-Ստեփանով Անդրեյ Սերգեյի, 1893, Շամախի, Ադրբեջան, Բաքվում տրամվայի վարորդ։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 2-ին։
28. Տեր-Ասատուրով Զախար Լվովիչ, 1890, Թիֆլիս, ծառայող, աշխատել է Պարսկաստանում: Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 1-ին։
29. Տեր-Դավիդով Լեոն Մկրտիչի, 1914։ Գնդակահարվել է 1937 թվականի սեպտեմբերի 15-ին։
30. Տեր-Սարգիսյան Աշոտ Մովսեսի, 1906, Կարս, գրասենյակային ծառայող։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 1-ին։
31. Խաչմանուկյան Աշոտ Ավակիմի, 1897, Թիֆլիս, դերձակ։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 3-ին։
32. Շեկոյան Սուրեն Աբրահամի, 1909, Թիֆլիս, կոշկակար։ Գնդակահարվել է 1937 թվականի հոկտեմբերի 27-ին։
33. Էրոյան Ստեփան Ներսեսի, 1897, Թիֆլիսի գավառ, քահանա։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 3-ին։
Սանդարմոխի մասին ավելին կարող եք կարդալ այս հղումով:
Վերջերս լույս է տեսել «Սանդարմոխի հիշողության վայրը» գրքի երկրորդ հատորը, սկսվել են երրորդ հատորի աշխատանքները։
Յուրի Միխայլին
Թարգմանեց Կարինե Դավոյանը