Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «Polarnet», «Rojen» եւ «Navistar» բեռնանավերը դուրս են եկել Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից եւ ուղղություն վերցրել դեպի Թուրքիա: 13 հազար տոննա եգիպտացորեն տեղափոխող «Rojen» նավը, որը լողում է Մալթայի դրոշով, դուրս է եկել Չեռնոմորսկի նավահանգստից եւ ուղեւորվել Կարասու (Թուրքիա)։ Ընթացքին հետեւում է Համատեղ համակարգող կենտրոնը։
Նույն ուղղությամբ է լողում նաեւ թուրքական դրոշով «Polarnet» նավը։ Մինչ 12 հազար տոննա եգիպտացորեն տեղափոխող նավը հասնի Կարասու, միավորված տեսչական խումբը այն կստուգի Ստամբուլի հյուսիսում: «Rojen»-ն ու «Polarnet»-ը Կարասուից մեկնելու են Մեծ Բրիտանիա։ Իսկ երրորդ նավը` «Navistar»-ը, որը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից, 33 հազար տոննա եգիպտացորեն է հասցնելու Ռինգասկիդի (Իռլանդիա)։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ դատարկ թուրքական բեռնանավը Ստամբուլում ծրագրված ստուգումից հետո կմեկնի Ուկրաինա՝ հացահատիկը բեռնելու համար: Աքարն ասել է, թե Ուկրաինայից հացահատիկի փոխադրման հարցերը քննարկել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի եւ ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ:
Ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու եւ ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին գործարքը, որը Ստամբուլում հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի եւ պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգիստներից, ներառյալ Օդեսան:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն հայտարարել էր, որ եթե «Հացահատիկային համաձայնության» շրջանակում նավահանգիստներն ապաշրջափակվեն, 60 միլիոն տոննա ուկրաինական հացահատիկն արտահանելու համար կպահանջվի մոտ 8-9 ամիս։
Կաթիլ է ծովում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վադիմիր Զելենսկին ավստրալացի ուսանողների հետ հեռավոր հանդիպման ընթացքում ասել է, որ 30 հազար տոննա հացահատիկն աննշան է:
«ՄԱԿ-ի եւ Թուրքիայի գործընկերությամբ օրերս ծով ուղարկեցինք առաջին նավը, բայց դա մեկ կաթիլ է ծովում, սակայն հուսով ենք, որ սա կշարունակվի: Այս պատերազմի հետեւանքները սոսկալի են ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ամբողջ աշխարհի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը: