ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օգոստոսի 6-ին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Պետքարտուղարը կոչ է արել նվազեցնելու լարվածությունը եւ ուղիղ երկխոսություն սկսելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող հարցերը»,- նշված է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
«Վստահեցրել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվելու եւ նպաստելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է Բլինքենն իր թվիթերյան գրառմա մեջ։
Ըստ Պետքարտուղարության հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը վստահեցրել է վարչապետ Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետեւում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ։
«Կոչ եմ արել շարունակելու զսպվածություն ցուցաբերել եւ ուղիղ երկխոսություն ծավալել Ադրբեջանի հետ՝ այս խնդիրները լուծելու համար»,- Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո թվիթերյան գրառման մեջ նշել է Բլինքենը։