Ադրբեջանում պահվող հայ գերիների թեման վերջին օրերին կրկին ակտիվորեն քննարկվում է: Այդ երկրում ապօրինաբար պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու մասին օրերս խոսել են մի շարք երկրների պաշտոնական ներկայացուցիչներ, շարունակվում են դատապարտումները:
Չորսամսյա գերությունից հետո մարտի 11-ին լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատ արձակումը հույս ներշնչեց, որ թիրախային աշխատանքի արդյունքում հնարավոր է հասնել նաեւ մյուս գերիների ազատ արձակմանը: «Այո՛, Մարալի դեպքում եղել է թիրախային աշխատանք: Ցուցաբերվել է անհատականացված մոտեցում»,- «Ալիք մեդիա»-ին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ նրա ազատ արձակման հարցում շատ կառույցներ են ներգրավված եղել՝ Լիբանանի կառավարությունը, Կարմիր խաչի Լիբանանի գրասենյակը, ՌԴ-ն, անհատներ, հայ պատգամավորներ, որոնք, իրենց կապերն օգտագործելով, հետաքրքրություն են առաջացրել հարցի հանդեպ:
«Մարալ Նաջարյանի ազատ արձակման հարցում կար նաեւ օբյեկտիվ մի չափանիշ՝ կին է, թեեւ այնտեղ գերեվարված մի կին էլ ունենք՝ Էլզա Սարգսյանը: Էլզայից բացի՝ կան բռնի տեղահանված կանայք, բայց քանի որ բռնի տեղահանվածների մի մասը սպանվել է, հստակ հետեւություններ կկարողանանք անել որոնողական աշխատանքների եւ դիակների նույնականացման ավարտից հետո: Էլզայի վերաբերյալ մենք այլ տեղեկություններ էլ ունենք, դրա համար նրա գերեվարման մասին ավելի հիմնավոր կարող ենք խոսել»:
Գերիների հարցով զբաղվող փաստաբանը նրանց ազատման հարցում կողմ է թիրախային աշխատանքին. «Յուրաքանչյուր դեպքի անհատականացված ձեւով պետք է հետամուտ լինել: Եթե գերիները նաեւ հատուկ խմբերի են պատկանում, այդ խմբերի շրջանակներում, իրավունքների պաշտպանության տեսանկյունից պետք է դիտարկվեն՝ կանայք, տարեցներ, խոցելի խմբեր»:
Սիրանուշ Սահակյանի կարծիքով հայ գերիների հարցը փակուղում չէ:
«Գերիների ազատման հարցով հայկական կողմը բազմակողմանի ու տարբեր մոտեցումներ է կիրառում, բայց այդ ուղղությամբ համագործակցելու պատրաստակամություն չկա: Գործընթացն այս պահին սառեցված է, բայց ո՛չ փակուղում: Որոշակի հումանիտար նկատառումներով պայմանավորված՝ միայն եզակի դեպքերով կարող է առաջընթաց արձանագրվել: Բայց չեմ կարծում, թե նման միջամտությամբ հարյուրավոր անձանց խնդիրներ կարող ենք լուծել կարճաժամկետ հեռանկարում: Թեեւ գործընթացը ձգձգվում, ավելի տեղական է դառնում, քան կարող էր լինել նման մարդասիրական խնդրի պարագայում, բայց իրավիճակը ես փակուղային չեմ գնահատում, որովհետեւ դեռեւս բանեցված չէ ողջ քաղաքական ճնշումը, միջազգային կառույցներն ու երկրները միայն հատվածականորեն են արձագանքել, ընդ որում՝ միայն քաղաքական հայտարարությունների տեսքով: Բայց մենք գիտենք, որ նույն այդ կառույցները եւ պետություններն ունեն լծակներ, օրինակ՝ պատժամիջոցների կիրառումը: Եվ քանի դեռ նրանք չեն օգտագործել իրենց, այսպես ասած, ողջ զինանոցը, չէի ասի, թե մենք փակուղում ենք»,- ասում է Սիրանուշ Սահակյանը:
Նա քաղաքական պայքարին հավասար կարեւորում է իրավական պայքարը:
«Իրավական հարթակում որոշումների կայացումն այլ գործընթաց է ենթադրում: Կայացվում են որոշումներ, որոնք հետո օրինական ու սկզբունքային ձեւով վերահսկվում են: Այստեղ արդեն, պետության դիվանագիտական, քաղաքական աշխատանքի արդյունքներից անկախ, կառույցն ունի իր ակտերի կատարման գործընթացները, եւ եթե քաղաքական պատճառներով միջազգային հանրությունը պատշաճ չարձագանքի, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանին դատական ճանապարհով կհարկադրենք հայրենադարձնել հայ գերիներին»:
Տեղեկացանք նաեւ, որ հայ գերիների հարցով զբաղվող փաստաբանական թիմը կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ դատարանին արդեն ցուցադրել է Ադրբեջանի՝ դատարանին խաբելու, տեղեկություն չտրամադրելու եւ հայրենադարձումն անհարկի ձգձգելու միտումը, ինչը հակասում է Եվրոպական դատարանի կողմից կիրառված անհապաղ միջոցներին: Խնդրել են, բացառիկությունը հաշվի առնելով, այս փուլում հարցն ուղարկել Նախարարների կոմիտեին՝ քաղաքական մարմնին, որ Ադրբեջանի նշված վարքագիծը քննարկման առարկա դառնա: «Այսինքն՝ դատական գործընթացներին զուգահեռ ներգրավվածություն ունի Եվրոպայի խորհրդի քաղաքական մարմինը, ինչը կմեծացնի նաեւ ադրբեջանական իշխանությունների վրա այս կառույցի կողմից քաղաքական ճնշումը: Մենք չենք բացառում, որ դատարանը, իրավիճակը գնահատելով, մեր խնդրանքները կբավարարի, եւ առաջիկայում կունենանք նաեւ հարցի քննարկում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում»:
Սիրանուշ Սահակյանը գերիների հարցով առաջընթաց է համարում նաեւ այն, որ փետրվարին Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց ավելի մեծ թվով հայերի՝ իրենց երկրում գտնվելու փաստը: «Յոթանասունից ավելի մարդու մասին է խոսքը: Այլ հարց է, որ այդ երկրի մերժողական հայտարարությամբ փորձ է արվում այդ անձանց ոչ թե ռազմագերու, այլ ուրիշ կարգավիճակ տալու, բայց կարեւոր է, որ անձանց կյանքի եւ իրենց հսկողության տակ գտնվելու հարցի պատասխանատվությունը պետությունը պաշտոնապես արդեն ստանձնել է, այն դեպքում, որ մինչ այդ խոսում էր մեկ տասնյակի մասին, իսկ մնացածի առումով պատասխանատվություն չէր ստանձնում»,- նշում է Սիրանուշ Սահակյանը՝ ավելացնելով, որ ընդհանրապես, իրենց հայտնի հաստատված դեպքերը առնվազն 130-ն են, հիսունից ավելի՝ իրենց տվյալներով հաստատված գերիների փաստը ադրբեջանական իշխանությունները դեռեւս չեն ընդունում: Փաստաբանական թիմն անառարկելի ապացույցներ ունի նաեւ ավելի շատ թվով անձանց մասին, որոնք կարո՛ղ են գերեվարված լինել, աշխատանք է տարվում նաեւ դա՛ պաշտոնապես հաստատելու ուղղությամբ:
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ այսօր ավելի շատ են Ադրբեջանի կողմից գերեվարվածները, քան վերադարձվածները: «Այս պատերազմի ընթացքում գերեվարվածների եւ վերադարձվածների թիվը մոտ վաթսունն է, բայց ունենք նաեւ պատերազմից առաջ առեւանգվածներ եւ վերադարձվածներ, որոնց հետ միասին վերադարձվածների թիվը կմոտենա յոթանասունին: Իհարկե, տարբեր մեթոդաբանությամբ հաշվարկների դեպքում այս թվի մեջ են նաեւ այնտեղ գերեվարման ընթացքում սպանվածները, որոնց դիերն են վերադարձվել»:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան, անդրադառնալով Մարալ Նաջարյանի ազատ արձակմանը, նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ կանայք այլեւս չկան: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը չի անդրադարձել մյուս գերիներին, փոխարենը հաջորդող գրությամբ դատապարտել է ԱՄՆ-ի բանտերից մեկում գտնվող Համբիկ Սասունյանին ազատ արձակելու ամերիկյան դատարանի որոշումը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։