«Եթե դուք վատ տրամադրություն ունեք, եթե ձեզ վիրավորել են կամ վշտացրել, օգտվե՛ք ժպիտի ուժից»,- խորհորդ է տալիս Մայր Թերեզան։
Մեկ այլ տեղ նա ասում է՝ «Ժպտացե՛ք, ժպիտից է սկսվում սերը»։ Նրա հորդորները իմաստնացած են կյանքի փորձով: Այն, ինչ նա ասում է, ապրված է ոչ մեկ անգամ: Թերեւս արժե հետեւել նրա խորհուրդներին: Իրոք, ժպտալը կարող է հրաշքներ գործել եւ ո՛չ միայն այն ժամանակ, երբ վշտացած ենք, կամ որեւէ մեկը վիրավորել է մեզ:
Սովորաբար մենք ժպտում ենք, երբ պատահում է որեւէ լավ բան՝ նվեր ենք ստանում, անակնկալ հանդիպում ենք հին ընկերոջը կամ բարեկամին։ Ու սա բնական է։ Բայց արժե ժպտալ նաեւ, երբ դժվարությունների ենք հանդիպում, երբ մեր ներսում ուժ չենք գտնում անելու մեր անելիքը։ Եթե ժպտանք նման վիճակներում, մենք լրացուցիչ ուժեր կստանանք։ Կարելի է ժպտալ նաեւ, երբ արել ենք մի բան, որ չարժեր անել, բարկացել ենք կամ անիմաստ վիճել։ Ժպտանք ոչ թե այն պատճառով, որ արել ենք անարժան մի բան, այլ որ տեսնում ենք մեր գործած սխալը, ինչպես մեծահասակն է տեսնում երեխայի գործած սխալն ու ժպտում։
Ի՞նչ է ժպիտը
Ըստ հայկական Վիքիպեդիայի՝ ժպիտը դեմքի մկանների՝ շրթունքների, աչքերի եւ այտերի արտահայտիչ շարժումն է։ Այն ցույց է տալիս ծիծաղ կամ արտահայտում է հաճույք, ողջունում, երջանկություն, բարյացակամություն կամ հեգնանք, ծաղրանք, քմծիծաղ։ Ըստ Վիքիբառարանի՝ ժպիտը դեմքի մկանների շարժում է, որը ցույց է տալիս ծածկազելու տրամադրություն կամ արտահայտում է ողջույնի՝ գոհունակության՝ հաճելիության զգացմունք, թեթևակի՝ անձայն ծիծաղ:
Կան «ժպիտ» բառով մի շարք հետաքրքիր արտահայտություններ։ Օրինակ՝ «ժպիտ բաժանել», որ նշանակում է ամենքին ժպտալ։ Կամ «Ժպիտ կտրել», որ նշանակում է ժպիտով փայլել, ժպիտի արտահայտությամբ համակվել։ Ասում են նաեւ «ժպիտ խաղացնել» կամ «ժպիտ խաղալ»։
Ժպիտը համադարման է
Այո՛, ժպտալը համադարման է։ Առաջին հերթին այն օգնում է հաղթահարելու մռայլ տրամադրությունները։ Սկսե՛նք ժպտալ, եւ կյանքը կդառնա ավելի լուսավոր: Երբ ժպտում ենք, աշխարհը բառիս բուն իմաստով լուսավորվում է։ Ժպտացե՛ք, եւ կտեսնեք՝ աշխարհը փոխվեց, մի փոքր, մի աննշան այն ավելի լուսավոր դարձավ։ Ու այդ մի աննշանն էլ հենց այն է, ինչի կարիքը մենք, իրոք, ունենք, եւ ինչ սպասվում է մեզնից։
Ժպիտը նաեւ օգնում է, երբ հոգնած ենք, ուժասպառ կամ հիվանդ ենք։ Հայտնի է՝ լավատես, ժպտացող մարդիկ շատ ավելի շուտ են ապաքինվում, քան մռայլներն ու վատատեսները։ Ցանկացած հիվանդության ժամանակ եթե ժպտում ենք, հայտնվում են լուսավոր, հույս տվող ուժեր եւ աջակցում են մեր ապաքինմանը։ Եվ դա բնական է՝ որտեղ ուղղորդում ենք մեր ուշադրությունը, այնտեղ էլ գնում է էներգիան։ Ժպտացող մեկը չի սպասում վատ ելքի։ Նա լավատես է։ Եվ հենց այդ լավի սպասումն էլ նպաստում է լավանալուն։ Դրանք փոխկապակցված են։ Լավի ակնկալիքը մեր դեմքին առաջացնում է ժպիտ։ Իսկ ժպիտը մեր ներսում ծնում է լավի ակնկալիք։ Եթե անգամ մենք արհեստականորեն ենք սկսում ժպտալ, միեւնույնն է, մեր ներսում լավատեսության եւ հույսի զգացողություններ են ծնվում։ Ամեն դեպքում կյանքը դառնում է ավելի թեթեւ եւ տանելի։
Ժպիտն օգնում է նաեւ միջանձնային հարաբերություններում։ Եթե պատահմամբ վիճել եք ընկերոջ հետ, սկսե՛ք ժպտալ եւ հիշել նրա լավագույն կողմերը։ Ժպիտը կօգնի վեր կանգնելու վեճի թողած ցավերից, մոռանալու կատարվածը եւ հնարավորինս վերականգնելու մտերմիկ հարաբերությունները։
Փոքրիկ Ջրարջը
Մտորում էի ժպիտի հրաշագործ հնարավորությունների մասին, երբ պատահաբար կամ գուցե ոչ պատահաբար հանդիպեցի իմ՝ տարիներ առաջ կարդացած հոդվածի։ Հոդվածն այն մասին էր, թե ինչպես հաղթահարել վախը։ Այնտեղ, մասնավորապես, գրված էր, որ վախի դեմ պայքարելու ձեւերից մեկն էլ ժպտալն է։ Հեղինակը պնդում է՝ ժպտացե՛ք վախին, եւ այն կվերափոխվի։ Նա օրինակ էր բերում «Փոքրիկ Ջրարջը» մուլտֆիլմը: Այն շատերը կհիշեն։ Հատկապես տպավորիչ է այնտեղ հնչած երգը՝ «С голубого ручейка начинается река, / Ну а дружба начинается с улыбки»։
«Փոքրիկ Ջրարջը» (ռուս.՝ Крошка Енот) մուլտֆիլմ է՝ նկարահանված Լիլիան Մուրի «Փոքրիկ Ջրարջը եւ նա, ով նստում է լճում» հեքիաթի հիման վրա։ Կարելի է ասել՝ այս մուլտֆիլմը հիմն է ժպիտին։ Ժպիտով հաղթահարվում է վախը։ Ժպիտից է սկսվում ընկերությունը։ Ժպտացե՛ք, եւ աշխարհը կժպտա ձեզ։
Ժամանա՛կ գտեք եւ մեկ անգամ եւս դիտե՛ք ուրախություն եւ ժպիտ բաժանող այդ հրաշալի մուլտֆիլմը: Հայերեն թարգմանություն, կարծես, չկա: Ռուսերեն տարբերակը կարելի է դիտել Յութուբում՝ «Крошка Енот» հղումով:
Ընտրենք ժպիտը
Անցյալի եւ ապագայի միջեւ կա մի ակնթարթ։ Եվ այդ ակնթարթում մենք ունենք ընտրության ազատություն։ Պետք է միայն կարողանալ դադար տալ եւ կատարել մեր ընտրությունը, որպեսզի մեր արձագանքը բնազդային չլինի։ Ինչպես ներշնչելու եւ արտաշնչելու միջեւ, այնպես էլ ներազդեցության եւ արձագանքի միջեւ կա մի կարճ դադար։ Դա մեր հնարավոր ազատության ժամանակն է. մենք ազատ ենք ընտրելու մեր վերաբերմունքը կատարվածի նկատմամբ։ Եվ այդ պահերին մենք ընտրում ենք մեր հնարավոր ապագան։ Որ ուղղությամբ մենք ուղղում ենք մեր հայացքը, այն ուղղությամբ էլ շարունակվելու է մեր ընթացքը։ Ու եթե մեր ունեցած ազատության պահին մենք ընտրում ենք ժպիտը, կյանքը շարունակվում է հենց այդ ուղղությամբ։ Ժպիտը սիրո եւ ուրախության հրավերք է։ Ընտրելով ժպիտը՝ ընտրում ենք կյանքը։
Իմաստունների ժպիտը
Ժպիտը հատուկ է մարդուն ցանկացած տարիքում՝ ծնված օրից մինչեւ խոր ծերություն։ Հավանաբար նկատել եք՝ նորածին երեխաները քնած ժամանակ հաճախ ժպտում են։ Ասում են՝ երազում հրեշտակներ է տեսնում։ Փոքր երեխաները ամենից շատ են ժպտում եւ ծիծաղում։ Դրա համար նրանց շատ բան պետք չէ։ Նրանց ժպիտը շողարձակող է, իսկ ծիծաղը՝ խանդավառ։
Տարիների հետ փոխվում է մարդը, փոխվում է նաեւ նրա ժպիտը։ Նա հանդիպում է տառապանքի, հիվանդության, մահվան։ Կյանքն իր կնիքն է դնում։ Մարդը նկատում է այս աշխարհի ժամանակավոր եւ անցողիկ լինելը։ Հասկանում է, որ սնանկ են անցողիկը պահելու բոլոր նկրտումները։ Այն, ինչ ունի ժամանակի մեջ սկիզբ, ունի նաեւ ավարտ: Թումանյանական խոսքերով՝ «Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր»։
Ժամանակավորի անցողիկության եւ ունայնության մասին վկայել են բոլոր ժամանակների իմաստունները: Ըստ ավանդության՝ Սողոմոն թագավորի մատանու վրա գրված է եղել՝ «Ամեն ինչ անցնում է»: Ու եթե ամեն ինչ անցնում է, ապա մնում է ժպտալը։
Երբ մարդը մի կողմից տեսնում է ժամանակավորի անցողիկությունը, մյուս կողմից հաղորդ է դառնում իմաստին, որ վկայում է հավերժականի մասին, նրա հոգին ժպտում է։ Նրա ժպիտը դառնում է ավելի հանդուրժող եւ իմաստուն։ Հենց այդպիսի ժպիտի մասին է Թումանյանի քառյակը։
Ո՜նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն,- ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
Սա իմաստունի ժպիտն է, այն ժպիտը, որին մարդը հասնում է տարիների ընթացքում: Եթե ուզում եք իմանալ, այդպիսին է Բուդդայի ժպիտը։
Ժպիտը շղթա է
Իրականում ժպիտը շղթա է։ Սկսում ենք ժպտալ շրթունքներով, միանում են աչքերը։ Աչքերին հետեւում է սիրտը։ Եթե չկանգնեցնենք այս ընթացքը, ժպիտը շարունակվելու է… Այն փոխանցվելու է շրջապատին: Չե՞ք հավատում, փորձե՛ք: Ժպտացե՛ք փոքրիկ երեխաներին։ Նրանք, եթե անգամ դա չեն տեսնում, զգում են եւ փոխադարձում։ Եթե տեսնում եք չժպտացող մեկին, կիսվե՛ք նրա հետ ձեր ժպիտով, տվե՛ք նրան ձեր ժպիտներից մեկը։ Ժպտացե՛ք, եւ կժպտան արեւը, փողոցը, անտառը։ Ժպիտով կլցվի կյանքը։ Ժպտացե՛ք, եւ աշխարհը կփոխվի։
Ժպիտով սկսենք օրը, եւ այն կուղեկցի մեզ օրվա ընթացքում։ Շարունակե՛նք ժպտալ, եւ կյանքը կժպտա մեզ։ Անկեղծ ժպիտը նման է արեւի ճառագայթի, որ լուսավորում է մութ տեղերը, ջերմացնում սրտերը, քանդում միջանձնային պատնեշները, ճանապարհ հարթում սիրո եւ ընկերության համար։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։