Ծնողը, իմանալով իր երեխայի հաշմանդամության մասին, նախ ժխտում է, ապա՝ զայրանում՝ ինչո՞ւ ես, ինչո՞ւ իմ երեխան:
Ի վերջո հաշտվում է դրան, կամ սկսվում է ընկճախտը: Սա կախված է յուրաքանչյուր անհատի հուզական-մտավոր մակարդակից:
Այս ամենը հաղթահարելուց հետո էլ ծնողը որոշում է՝ ինքնուրույն մեծացնել իր երեխային, թե հանձնել նրան մանկատուն:
Հայաստանում հաշմանդամությամբ երեխաների ծնողները նրանցից ոչ պակաս խոցելի են ու մեկուսացված: Հաշմանդամության ցածր թոշակը, երեխային խնամելու լուրջ հարցը հաճախ ստիպում են ծնողին ամբողջովին փոխել կենսակերպը:
Բարձրագույն կրթությունը, լավ աշխատանքը, կարիերայի մասին երազանքները մնում են անցյալում. չէ՞ որ մեկը պետք է 24 ժամ խնամի հատուկ կարիքներ ունեցող երեխային:
Քրիստինե Առաքելյանը, որ մասնագիտությամբ լրագրող է, համալսարանն ավարտելուց հետո էլ վերապատրաստում է անցել, չի աշխատում սիրելի մասնագիտությամբ: Քրիստինեն հիմնականում տանն է, որպեսզի խնամի աուտիկ սիմպտոմատիկա ունեցող իր 8-ամյա երեխային:
«Բալիկս գրեթե ոչինչ չի անում ինքնուրույն: Ամեն բան ես եմ անում, եւ հնարավոր չէ զուգահեռել աշխատանքը երեխայի խնամքի հետ»,- պատմում է Քրիստինեն, որի երեխան ներառականից տեղափոխվել է հատուկ դպրոց:
Նա նշում է, որ ներառական համակարգում սարսափելի վիճակ է: Ինքն էր երեխային ուղեկցում դպրոց ու մնում այնտեղ դասերի ընթացքում, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէր: Իսկ հատուկ դպրոցում հմուտ դայակներն ու դաստիարակները կարողանում են պատշաճ կազմակերպել երեխայի խնամքը:
Բավականին ցածր է նաեւ հատուկ կարիքներ ունեցող երեխաների թոշակը: «Երեխայիս թոշակը հերիքում է միայն տակդիրներին: Գոնե 100 հազար դրամ պետք է լինի, որ նվազագույն կարիքները հոգալու հնարավորություն ունենամ: Էլ չեմ խոսում հատուկ մանկավարժների ծառայությունների մասին, որոնց գինը բավականին բարձր է»,- ասում է Քրիստինեն:
Հայաստանում խնամքի ամբողջ բեռն ընկնում է մայրերի վրա, իսկ եվրոպական երկրներում հաշմանդամություն ունեցող երեխաներին հատկացվում են խնամատարներ, ինչի շնորհիվ ծնողները թե՛ աշխատելու, թե՛ սեփական կյանքը կազմակերպելու հնարավորություն են ունենում:
Հաշմանդամությամբ երեխաների ծնողների բեռը փոքր-ինչ թեթեւացնելու նպատակով էլ Շողեր Աթանեսյանը որոշեց կյանքի կոչել «Արդուկ» ծրագիրը, ինչը հաջողվեց Եվրամիության դրամաշնորհով: «Արդուկի» շահառուները առողջության խնդիրներ ունեցող երեխաների մայրերն են, որոնք տան պայմաններում կատարում են արդուկման ու լվացքի աշխատանքներ:
«Այսպիսով՝ մենք օգնում ենք ե՛ւ այն մայրերին, որոնք չեն կարողանում աշխատել, քանի որ երեխային չեն կարող մենակ թողնել տանը, ե՛ւ այն մայրերին, որոնք զբաղվածության պատճառով ուզում են փոքր-ինչ թեթեւացնել իրենց տնային գործերը»,- ասում է Շողեր Աթանեսյանը:
Ծրագրի շահառուներին տրամադրվում է բարձրորակ տեխնիկա, նրանց հետ անցկացվում են թրեյնինգներ, ինչի շնորհիվ էլ աշխատանքի բարձր որակն ապահովված է:
Քրիստինեն նույնպես ծրագրի շահառուներից է եւ այսպիսով կարողանում է մի փոքր թեթեւացնել իր սոցիալական բեռը, միաժամանակ լինել երեխայի կողքին:
Հաշմանդամությամբ երեխաների ծնողների համար, սակայն, ամենամեծ օգնությունը կլինի, եթե պետությունը խնամատար տրամադրի: Այս դեպքում երեխան կստանա մասնագիտացված օգնություն ու խնամք, իսկ ծնողը՝ լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն: