Ի պատասխան ՀՀ Կառավարության՝ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակն անկախության երաշխիքներից զրկելու օրենսդրական նախագծի եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հակառակորդների կողմից քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) նկատմամբ ճնշումների կտրուկ աճի՝ Freedom House-ը հանդես է եկել հայտարարությամբ:
«Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն երկրում ժողովրդավարական եւ մարդու իրավունքների հարցերով զբաղվող հաստատությունների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության անխոչընդոտ գործունեությունը»,- ասում է Freedom House-ի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տնօրեն Մարկ Բեհրիդտը:
«Ի լրումն քաղաքացիական հասարակությանը մոլորեցնելու՝ ժողովրդավարական բարեփոխումների հակառակորդների կողմից գործարկված ապատեղեկատվության արշավի՝ Կառավարությունը փորձում է կրճատել ՄԻՊ-ի գրասենյակի ֆինանսավորումը: Այս անհանգստացնող զարգացումները միայն կխթանեն Հայաստանի քաղաքական ճգնաժամի խորացումը»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ առկա քաղաքական ճգնաժամի խորապատկերում ավելի քան երբեւէ կարեւոր է ապահովել ՄԻՊ-ի գրասենյակի եւ ՔՀԿ-ների հնարավորությունները` բարձրացնելու հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին հասարակության իրազեկվածությունը եւ բարձրաձայնելու մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ երկրում կիրառվող սահմանափակումների մասին։ Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն ՄԻՊ-ի գրասենյակին եւ ՔՀԿ-ներին՝ շարունակելով նրանց հետ ակտիվ երկխոսությունները, ապահովելով օրենքի գերակայությունը, նաեւ պատասխանատվության ենթարկելով բռնություն եւ ատելություն հրահրող խոսք տարածողներին։
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ նոյեմբերի 10-ին կնքված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին ինը կետից բաղկացած խիստ վիճահարույց հայտարարությունը ցույցերի ու քաղաքական ճգնաժամի ալիք է բարձրացրել Հայաստանի ամբողջ տարածքում: Կառավարության եւ խորհրդարանի շենքերի վրա հարձակվելուց եւ Ազգային ժողովի նախագահին դաժան ծեծի ենթարկելուց բացի՝ արմատական խմբավորումները կողոպտել են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եւ «Բաց հասարակություն» հիմնադրամների գրասենյակները եւ շարունակում են սպառնալիքները բազմաթիվ հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դեմ:
Այս կազմակերպությունները որպես Հայաստանի ազգային շահերի դավադիր թշնամիներ ներկայացնելու ջանքերից է նաեւ «Veto» խմբի նկարահանած ֆիլմը, որը ՔՀԿ-ներին անվանում է «ժողովրդի թշնամիներ», կոչ է անում փակելու նրանց գրասենյակները եւ փորձում սկսել նրանց դեմ քրեական հետաքննություն: Սպառնալիքների եւ հետապնդման միջադեպերի վերաբերյալ ՔՀԿ-ների ներկայացրած բողոքները հիմնականում անտեսվել են գլխավոր դատախազության եւ պետական քննչական մարմինների կողմից:
Փետրվարի 26-ին ՀՀ իշխանությունները քննարկեցին ՄԻՊ-ի գրասենյակին հատկացված ծառայողական փոխադրամիջոցները կրճատելու հարցը, իսկ արդեն մարտի 11-ի Կառավարության նիստում ֆինանսների նախարարությունը ներկայացրեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը փոփոխելու նախագիծը։ Եթե այս նոր նախագիծը ընդունվի, ավելի կսահմանափակվի ՄԻՊ-ի անկախությունը, եւ կխաթարվի Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու նրա պարտականությունը:
Հայաստանը գնահատվել է որպես ազատ Freedom on the Net 2020 զեկույցում եւ որպես մասամբ ազատ՝ Freedom in the World 2021 զեկույցում:
Պատրաստեց Գայանե Գասոյանը