Financial Times պարբերականը հայտնել է, որ Արեւմուտքն ավելի ու ավելի է մտահոգվում Թուրքիայի հետ Ռուսաստանի խորացող համագործակցության պատճառով։
Պարբերականի զրուցակիցները Սոչիում ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հանդիպումից հետո անհանգստություն են հայտնել առեւտրի ու տնտեսության ոլորտում երկու ղեկավարների՝ համագործակցությունը խորացնելու մասին հայտարարություններով։
Եվրամիության մեկ այլ ներկայացուցիչ ասել է, որ Բրյուսելն ուշադիր հետեւում է ռուս-թուրքական հարաբերություններին, մեկ այլ զրուցակից Անկարայի դիրքորոշումն անվանել է «օպորտունիստական»:
Financial Times-ը հիշեցրել է, որ Վաշինգտոնը բազմիցս նախազգուշացրել է այն երկրների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների վտանգի մասին, որոնք կօգնեն Ռուսաստանին շրջանցելու Արեւմուտքի երկրների պատժամիջոցները:
Արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ համոզմունք է հայտնել, որ Բրյուսելը մի գեղեցիկ օր արեւմտյան ընկերություններին կհորդորի սահմանափակել Թուրքիայի հետ հարաբերությունները: Financial Times-ի մյուս աղբյուրները կասկածի տակ են դրել նման քայլի գործնական եւ իրավաբանական հնարավորությունը: Ընդսմին, նրանք չեն բացառել որոշ գործողություններ, եթե Թուրքիան չափից ավելի մերձենա Ռուսաստանի հետ։
Պարբերականը հիշեցրել է, որ ճգնաժամում հայտնված Թուրքիան ներկայում խիստ կախված է արեւմտյան ներդրումներից եւ իր տարածքում խոշոր կորպորացիաների գործունեությունից: