ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Նագասակիի ամերիկյան ատոմային ռմբակոծման տարելիցի առթիվ իր ուղերձում համոզմունք է հայտնել, որ որեւիցե երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել միջուկային զենքի հաշվին: Գուտերիշը նշել է, որ Հիրոսիմայի եւ Նագասակիի դեմ միջուկային զենքի կիրառումը հարուցեց հումանիտար աղետ՝ միակն իր տեսակի մեջ: Այն ազդարարեց նոր դարաշրջանի գալուստը, որտեղ մարդկությունը կարող է ինքն իրեն բնաջնջել:
«Իսկական անվտանգությունը երբեք չի կարող ձեռք բերվել միջուկային զենքի միջոցով: Այն ձեռք է բերվում երկխոսության, բանակցությունների, փոխադարձ հարգանքի եւ միջազգային իրավունքին հավատարիմ լինելու միջոցով»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում։
Նագասակին դարձավ Հիրոսիմայից հետո Ճապոնիայի երկրորդ քաղաքը, որը 1945-ի օգոստոսին ենթարկվեց ամերիկյան միջուկային հարվածի:
Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծումներն ԱՄՆ-ի զինված ուժերն իրականացրեցին Երկրորդ աշխարհամարտի ամենավերջում: Դրանց պաշտոնական նպատակ էր հռչակված Ճապոնական կայսրության կապիտուլյացման արագացումը: Այդ գրոհները դարձան միջուկային զենքի մարտական կիրառման՝ մարդկության պատմության մեջ միակ օրինակը։