Արցախի պաշտպանական բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը եւ 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։
Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները դարձյալ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
Գերատեսչությունից հայտնել են նաեւ, որ օգոստոսի 8-ին, պայթուցիչ զենքի օգտագործման կանոնները խախտելու եւ անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը եւ Արթուր Յուրիկի Առուշանյանը։ Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։