Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակ է տոնել:
Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը չափել է Իսպանիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ է տոնել միայն Գաբրիել Սարգսյանը: Հայաստան-Իսպանիա խաղը 2,5-1,5 հաշվով ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով:
Օլիմպիադայի վերջնական արդյունքները հայտնի կլինեն, երբ Ուզբեկստանը կավարտի պայքարը, քանի որ Ուզբեկստանի եւ Հայաստանի հավաքականներն ունեն հավասար միավորներ: Ուզբեկստանի հավաքականի մրցակիցը վերջին տուրում Նիդերլանդների հավաքականն է:
ՖԻԴԵ-ն հայտնել է, որ Հայաստանի հավաքականը արդյունքում 19 միավորով գրավել է երկրորդ տեղը։ Առաջին տեղը նույնքան միավորով զբաղեցրել է Ուզբեկստանի հավաքականը։